Իրավաբանի կարծիքով հանրության վստահությունը շահելու համար անհրաժեշտ է բարեփոխել դատական ոլորտը
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ոստիկանական համակարգը բավականին ծավալուն բարեփոխումների է ենթարկվել, սակայն դեռ անելիքներ շատ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նոր կառավարության առջև ծառացած, հատկապես արդարադատության ոլորտի խնդիրները բազմազան են և պետք է անհապաղ լուծել դրանք՝ սկսած ոստիկանական համակարգից մինչև դատավորների և դատական համակարգի գործունեություն:
«Ներկայումս ոստիկանությունը բավականին բարեփոխված է, չենք կարող համեմատել 15-20 տարի առաջվա համակարգի հետ: Այնուամենայնիվ, հանրության մոտ ևս կա պատկերացում, որ ոստիկանության բարեփոխումը պիտի ավելի հստակ և ավելի կտրուկ շարունակվի ու հասցվի վերջաբանին: Ոստիկանական համակարգը բարեփոխելը բարդ չէ, շատ ավելի բարդ է դատական համակարգի բարեփոխումը և այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որպեսզի հանրության վստահությունը այդ համակարգի նկատմամբ մեծանա»,- ընդգծեց Մանուկյանը:
Արդարադատության նախկին նախարարի պնդմամբ` հանրության մոտ բավականին մեծ անվստահություն կա՝ դատավորների և արդարադատության նկատմամբ, պետք քայլեր անել վստահությունը մեծացնելու առումով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում