Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

#ԿինոՇաբթի. 4 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Մայիսի 10-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել բոլորովին նոր 4 ֆիլմ:

«Ստատուսը թարմացված է»

Մենք միմյանց գնահատում ենք սոցիալական ցանցերում հետևորդների քանակով և հավաքում ենք շատ հավանություններ հայտնի դառնալու համար։ Քայլը հենց այդպես է ապրում՝ ձեռքից բաց չթողնելով հեռախոսը։ Պատահմամբ նրա մոտ հայտնվում է այնպիսի սմարթֆոն, որն ունի բացառիկ հավելված՝ Քայլի հրապարակած ցանկացած գրառում իրականություն է դառնում։ Հաջողակն ունենում է ավելին, քան կարող էր պատկերացնել, բայց աշխարհի կենտրոնում գտնվելը, պարզվում է, այդքան էլ հեշտ բան չէ ․ ․ ․

Ռեժիսոր` Սքոթ Սփիր, դերերում՝Ռոս Լինչ, Օլիվիա Հոլթ, Քորթին Իթոն և այլք:

«Պատրանք»

Հոգեբուժական կլինիկայի նախկին հիվանդը վերադառնում է շքեղ առանձնատուն, որը ժառանգել է իր ծնողների մահից հետո: Այս տանն է անցել նրա մանկությունը, և այս տան հետ շատ պայծառ հիշողություններ են կապված: Սակայն ժամանակի ընթացքում այնտեղ սկսում են տարօրինակ ու վախեցնող բաներ տեղի ունենալ: Կամ էլ ամեն ինչ նրա գլխում է:

Ռեժիսոր՝ Դենիս Իլիադիս, դերերում՝ Թոֆեր Գրեյս, Ջենեզիս Ռոդրիգես, Պատրիսիա Քլարքսոն և այլք:

«Անոն»

Ապագայի իդեալական հասարակությունն անձնական կյանքի և քաղաքացիական իրավունքների բացակայությունն է: Թվում է, թե ամեն ինչ վերահսկվում է կառավարության կողմից, սակայն մի օր հետախույզ Սոլ Ֆրիլենդը ծանոթանում է մի աղջկա հետ, ով հաշվառված չէ իրենց ցուցակներում…

Ռեժիսոր՝ Էնդրյու Նիկոլ, դերերում՝Ամանդա Սեյֆրիդ, Քլայվ Օուեն, Սարա Միտիչ և այլք:

«Լեոնարդո: «Մոնա Լիզա» Առաքելությունը»

Լեոնարդոն իր կյանքը նվիրել է հայտնագործություններին: Նրա ընկեր Լորենցոն ամեն ինչում օգնում է Լեոնարդոյին, իսկ Ջոկոնդան ծաղրում է Լեոնարդոյի մտքերը: Սակայն հերոսի հետ դժբախտություն է տեղի ունենում՝ նրա տունը այրվում  է: Նրանք ընկերներով որոշում են ճանապարհ ընկնել և գտնել վաղուց կորած գանձերը:

Ռեժիսոր՝ Սերջիո Մանֆիո:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ