Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության 
օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման ու Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

26 տարի առաջ գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին: Այն դարձավ արցախահայության անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը եւ նախադրյալներ ստեղծեց Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակելու, այսօր ամուր պաշտպանված սահմաններ ունենալու համար: Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի եւ համազգային միասնության շնորհիվ:

Շնորհավորելով բոլորիս ու առաջին հերթին Երկրապահ կամավորականներին` խոնարհվենք մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի սահմանների ու հայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության համար:

Այսօր մենք տոնում ենք նաեւ Հաղթանակի ու խաղաղության օրը: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի համար հայ ժողովուրդը շատ թանկ գին վճարեց: Ատելության վրա հիմնված գաղափարախոսությունն աշխարհում քաշել էր այնպիսի բաժանարար գծեր, որոնք վերացնելու համար զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ, խորտակվեցին հարյուր միլիոնավորների ճակատագրերը: Մայիսի 8-ը եւ 9-ը աշխարհում նշվում են որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակման եւ հաշտեցման օրեր: Միշտ հիշենք, որ տարբեր գաղափարներն ու տեսլականները պիտի միավորեն հասարակությունը, այլ ոչ թե պառակտեն կամ արհեստական բարիկադներ կառուցեն տարբեր ըմբռնումների տեր մարդկանց միջեւ:

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոների առթիվ, խնկարկում հայրենիքի սահմանների պաշտպանության համար ընկածների հիշատակը եւ մաղթում, որ միասնական ջանքերով կարողանանք խաղաղության ամեն մի օրն օգտագործել Հայաստանի ու Արցախի հզորացման, սահմանների պաշտպանության ամրապնդման եւ ժողովրդի բարօրության համար»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am