Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք. Արմեն Ռուստամյան


ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև  վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել:  Առաջին փուլում վարչապետի ընտրության տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող: «Մենք մեր տեսակետն արդեն հայտնել ենք, մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Իսկ երկրորդ փուլում մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել: Այսպես շարունակվել չի կարող: Մեր սկզբունքը մնում է նույնը: Մենք կարծում ենք, որ պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք: Ես կարծում եմ, որ հաջորդ անգամ էլ պետք է ամեն ինչ արվի, որ մեկ թեկնածու լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ հարկավոր է երկխոսության համար տեղ թողնել: Ռուստամյանը հույս հայտնեց, որ այս ամենի արդյունքում արյունահեղություն չի լինի, որովհետև իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որպեսզի  իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա:

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Թուրքիան և Ադրբեջանն այս վիճակից կարող են գայթակղվել: «Դրա համար այս վիճակի համար հանգուցալուծումը երկար չի կարող տևել»,- ասաց նա:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակետը, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն խոչընդոտելու խորհրդարանում վարչապետի ընտրությանը:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի արտաքին ուժերի միջամտություն չառաջանա: «Ստեղծված իրավիճակում բնական է, որ փորձեր կլինեն ուղղորդել կամ ազդել իրավիճակի վրա: Մենք սա պետք է թույլ չտանք, իսկ դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շուտ հասնել հանգուցալուծման»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ լուծում դեռ կա, քանի որ 7 օրից կրկին վարչապետի ընտրություն է լինելու: Նրա գնահատմամբ՝ այս պահից սկսած պետք է ամեն ինչ անել համաձայնեցված գործողություններ իրականացնելու: Ռուստամյանը ճիշտ է համարում երկրորդ փուլին ևս մեկ թեկնածու առաջադրելը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ