Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստան ժամանել պատրաստվող զբոսաշրջիկներն հետաքրքրված են երկրի վիճակով. պարզաբանում են տուրիստականները

Հայաստան ժամանել պատրաստվող զբոսաշրջիկներն հետաքրքրված են երկրի վիճակով. 
պարզաբանում են տուրիստականները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Հայաստան ժամանել պատրաստվող զբոսաշրջիկներն հետաքրքրված են երկրի վիճակով, որոշները ամրագրած փաթեթները չեղարկում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սպուտնիկ» տուրիստական ընկերությունից նշեցին, որ ներքաղաքական զարգացումներն իրենց գործունեության վրա ազդեցություն թողել են:

«Այս ընթացքում մեր գործընկերները զանգահարում են, անհանգստացած են, հետաքրքրվում են, միջազգային լրատվամիջոցների հրապարակումների հղումներ են ուղարկում: Փաթեթներ չեղարկողներ կան, և շատ են»,-ասաց ընկերության ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ ամեն դեպքում եկողներ ունեն, և ապրիլի 28-ին խումբ են սպասում:

«Լոկա» տուրիստական գործակալության տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս շրջանում արտերկրից բազմաթիվ զանգեր են ստանում:

«Շատ են զանգահարում, փորձում են ճշտել, թե հայաստանյան ներքաղաքական զարգացումներն ինչ ընթացք են ստացել, արդյոք կան բախումներ, ագրեսիա կա, թե ոչ: Անհանգստացած են, սակայն դեռ չեն շտապում չեղարկել ավելի վաղ ամրագրած փաթեթները»,-ասաց Ռուզաննա Մելքոնյանը: Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում ոչ մի չեղարկում չեն ունեցել, իրենց աշխատանքը շարունակում են:

«Սանի դեյ տուր» ընկերությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ իրենք նույնպես մինչ այսօր չեղարկումներ չունեն:  Ընկերությունն աշխատում է և՛ ներգնա, և՛ արտագնա ուղղություններով: 

«Հիմնականում աշխատում ենք դեպի Հունաստան և Եգիպտոս ուղղություններով: Այս մասով առայժմ որևէ խնդիր չի առաջացել: Ինչ վերաբերում է ներգնային, ապա այս պահին ունենք զբոսաշրջիկներ Բեյրութից, և նորմալ աշխատում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության աշխատակիցը:

«Ջոյ տուր» տուրիստական գործակալությունը, որն աշխատում է արտագնա ուղղությամբ, ներքաղաքական զարգացումներով պայմանավորված իր գործունեության վրա որոշակի ազդեցություն նկատում է:

«Սովորաբար ապրիլին մեր համաքաղաքացիներն ակտիվ են լինում, հետաքրքրվում են տուրփաթեթներով ամռան ամիսներին ամրագրելու համար, սակայն վերջին զարգացումներով պայմանավորված՝ կարող եմ ասել, որ մոտ 50 տոկոսով հետաքրքրվածությունը, դիմելիությունը կրճատվել է: Պարզ է, բոլորը զբաղված են ներքաղաքական թեմաներով»,-ասաց տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը: Նա հույս հայտնեց, որ մայիսին իրավիճակը կվերականգնվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am