Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել 2006 թվականից ի վեր


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն, իր կազմավորման օրվանից սկսած, արդեն շուրջ 7 տասնամյակ է, ինչ օգնում է երկրներին մալարիայի դեմ պայքարի գործում: Յուրաքանչյուր տարի, ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է որպես Մալարիայի համաշխարհային օր: Թեև 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, սակայն մալարիան շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:

2016 թվականին հայտարարվեց, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում:

Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռ կա, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Ձեռք բերված  արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակաբար արդյունավետ համաճարակաբանական հսկողություն իրականացնել:

2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային վեհաժողովը հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը` վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, կանխել հիվանդության կրկին արմատավորումն այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել 2006 թվականից ի վեր։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ