Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռաֆայել Լեմկին. ցեղասպանության կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ». Վահագն Գրիգորյանի հոդվածը լիտվական լրատվամիջոցում

«Ռաֆայել Լեմկին. ցեղասպանության կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ». Վահագն 
Գրիգորյանի հոդվածը լիտվական լրատվամիջոցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լիտվահայ նշանավոր գրող, թարգմանիչ Վահագն Գրիգորյանի հեղինակած «Ռաֆայել Լեմկին. ցեղասպանության կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է լիտվական հեղինակավոր «Lietuvos žinios» (Լիտվայի ժամանակը) լրատվամիջոցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ: 

Ռաֆայել Լեմկին. ցեղասպանության կոնվենցիայի
70-ամյակին ընդառաջ

 

1939-ի ամռանը Լեհաստան ներխուժելուց առաջ, Հիտլերը, կոչ անելով «անխնա, առանց խղճահարության կոտորել լեհական ծագման տղամարդկանց, կանանց ու երեխաներին», որպեսզի ցրի վերջին կասկածները, վստահ բարձրաձայնեց. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»։

Նացիզմի առաջնորդի վստահությունը, ցավոք, անհիմն չէր։ Խարսխված էր քաղաքական «ռեալիզմի» ամուր հենքին եվրոպական պետությունների, որոնք երեկ խստորեն դատապարտում էին Թուրքիային, այսօր «խոհեմաբար» շահավետ համարում մոռացության տալ պատմության մեջ աննախադեպ էթնիկական զտումները։  

Մոռացկոտության համաճարակը, սակայն, բոլորին չէ որ հնձել էր։ Համոզվելու համար բավական է բացել 1933 թ. Լիտվական հանրագիտարանը։ «Հայկական հարց» հոդվածն այնքան ճշմարտացի ու հանգամանորեն է ներկայացնում հայ ժողովրդի ողբերգությունը, որ վատ չէր լինի նույնիսկ մեր որոշ ժամանակակիցներ նրանով հիշողության վերականգնման դասընթաց անցնեին։ Իսկ հիշողության գլխավոր դերը, ինչպես ձևակերպել է Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» եզրույթի և «Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման» կոնվենցիայի հեղինակը», մարդկային խիղճը խթանելն է։

Նրա՝ Ռաֆայել Լեմկինի մասին է խոսք գնալու այս գրառումներում, ցեղասպանության կոնվենցիայի 70-րդ և այդ ոճրագործության հանցակազմի առաջին մշակման 85-ամյակի առիթով։ Նաև այն մասին, թե ինչը և ինչպես նախանշեց նրա կյանքի ուղին։ Իմիջիայլոց, եզրույթի հայտնագործմանն ու Կոնվենցիայի գոյությանը նպաստել է նաև Լիտվան։ 1939-ին Լեհաստանի օկուպացիայից հետո Կոնվենցիայի ապագա հայրը Լիտվայում փրկություն գտավ նացիստական դատաստանից։

Ռաֆայել Լեմկին

 

Ծնվել է Լեմկինը 1900-ին։ Մոր շնորհիվ մանկուց տիրապետելով մի քանի օտար լեզուների՝ նա ուսումն առանց տատանվելու շարունակեց Լվովի համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Բայց մի իրադարձություն տրամագծորեն փոխեց նրա կյանքի ուղին։ «Ինքնակենսագրության» մեջ Լեմկինը գրում է. «Պատերազմի ավարտից հետո շուրջ 150 թուրք ոճրագործներ ձերբակալվել էին և բրիտանական կառավարության կողմից ներկալվել Մալթա։ Հայերը պատվիրակություն ուղարկեցին Վերսալի խաղաղության կոնֆերանսին։ Նրանք արդարադատություն էին ակնկալում։ Օրեր անց, սակայն, մամուլից տեղեկացան, որ բոլոր թուրք ոճրագործները ազատ են արձակվել։ Ես ցնցված էի։ Ազգը սպանված է, իսկ ոճրագործներն ազատ են արձակվել»։

Լեմկինը դիմում է իր դասախոսին՝ ինչու՞ հայերը արդարադատություն չեն պահանջում։ Պրոֆեսորը պատասպանում է՝ չեն կարող պահանջել, քանզի չկա այնպիսի օրենք, որի շրջանակներում հնարավոր լիներ դատել նրանց։

Բանասիրական ֆակուլտետն ավարտելով՝ Լեմկինը մի որոշ ժամանակ փիլիսոփայություն է ուսումնասիրում Գերմանիայում, միջազգային նոր օրենքի գաղափարը, սակայն, նրան հանգիստ չի տալիս։ Այո, դեռևս 1915 թվականի մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ հայկական կոտորածները բնութագրել են որպես «հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ», Ուինստոն Չերչիլը 1929-ին հայկական կոտորածներն անվանել է «ողջակիզում», ընդգծելով՝ «այդ հանցագործությունը ծրագրվել և իրականացվել է քաղաքական դրդապատճառներով, քանզի հնարավորություն էր ստեղծվել Թուրքիան մաքրել քրիստոնյաներից»։ Բայց օրենք, որի շրջանակներում կարելի է պատժել հանցագործներին, միևնույն է, չկա։ «Ես ավելի ու ավելի սերտորեն էի ներհյուսվում զոհերի տառապանքներին (…),— հիշում է Լեմկինը «Ինքնակենսագրության» մեջ։—  Ես որոշեցի իրավաբան դառնալ, ամեն ջանք գործադրել, որպեսզի ցեղասպանությունն օրենքից դուրս դրվի և պետությունները համագործակցեն այն կանխարգելելու գործում»։ Լեմկինը վերադառնում է Լվով, ընդունվում իրավաբանական ֆալուլտետ, որն ավարտում է իրավունքի դոկտորի աստիճանով։ Եվ ժողովրդին սեփական կառավարության հանցագործություններից պաշտպանող օրենքի մշակումը դառնում է նրա առաքելությունը։

Հանցագործության հանցակազմը Լեմկինը շարադրում է հատուկ զեկուցման մեջ՝ միջազգային իրավունքի միասնականացման 5-րդ կոնֆերանսին ներկայացնելու համար, որը պետք է կայանար 1933-ի հոկտեմբերի 14-20-ը Մադրիդում։ Լեմկինն առաջարկում էր միջազգային օրենսդրության շրջանակներում ներառել խաղաղ բնակչության հանդեպ հանցագործությունների երկու տեսակ. բարբարոսություն (էթնիկական, սոցիալական կամ կրոնական խմբերի ջարդեր, տնտեսական խտրականություն) և վանդալիզմ (մշակութային և գեղարվեստական արժեքների ոչնչացում)։

Բայց Լեմկինին չվիճակվեց զեկուցմամբ հանդես գալ։ Թեև ոճրագործության հանցակազմը շարադրված էր հայոց ցեղասպանության հենքի վրա՝ նոր ժամանակների դեռևս միակ  ցեղասպանության (Լեմկինի բնորոշմամբ՝ «նոր տիպարի ցեղասպանության), Գերմանիայում արդեն իշխանության էր եկել Հիտլերը՝ միանգամայն կանխատեսելի հետևանքներով։ Եվ Լեհական կառավարությունը, դրսևորելով քաղաքական «ռեալիզմ», որոշեց միջազգային օրենսդրությամբ Գերմանիային «չգրգռել», իսկ սեփական ապագան ապահովագրել չհարձակման համաձայնագիր ստորագրելով։

Թե ինչի հանգեցրեց լեհերի քաղաքական «ռեալիզմը»՝ հայտնի է։ 1939-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան։ Լեմկինը մասնակցում է Վարշավայի պաշտպանության մարտերին, վիրավորում, իսկ երբ Լեհաստանն արդեն զավթված էր, նրան հաջողվում է, ինչպես ասվեց, Լիտվա անցնել։ Ապաստան նա գտնում է Կաունասում։

1941-ին Լեմկինը հրավեր է ստանում ԱՄՆ-ից (պրոֆեսորի հաստիք էր առաջարկվել համալսարաններից մեկում)։ Այստեղ էլ ծավալվում է նոր միջազգային իրավունքը կյանքի կոչելուն ուղղված նրա բուռն գործունեությունը։ Եվրոպական ողբերգությունը, իր ժողովրդի Հոլոքոստը խթանում էին հայերի ողբերգության հետքերով սկսված աշխատանքը։

Հիմա Լեմկինը հաստատ գիտեր՝ հարկավոր է գտնել այնպիսի եզրույթ, որը չի կարող օգտագործվել այլ համատեքստերում, ինչպես «բարբարոսություն»-ն ու «վանդալիզմ»-ը, որոնք նա կիրառել էր 1933-ին։  Եվ 1944-ին կյանք է առնում ավելի քան հստակ «գենոցիդ» եզրույթը՝ կազմված հունական «genos» (ազգ, ցեղ, ռասա) և լատինական «cide» (սպանություն) բառերից, ասել է թե՝ ցեղասպանություն։

Եզրույթի բովանդակությունը Լեմկինն այսպես էր մեկնաբանում. «Ցեղասպանություն ասելով մենք նկատի ունենք ազգի կամ էթնիկական խմբի ոչնչացումը... Բայց միայն անհապաղ ոչնչացումը չէ ցեղասպանություն։ Ցեղասպանություն է նաև ազգային խմբերի կենսական հենքի ոչնչացմանն ուղղված զանազան գործողությունների համակարգված ծրագիրը, որի նպատակը ազգի ամբողջական ոչնչացումն է» (հիշենք հայերի նշանավոր բռնագաղթը դեպի «բնակության նոր վայրեր», այնպիսի պայմաններում իրագործված, որ բռնագաղթվածների մեծ մասը զոհվում էր ճանապարհին, իսկ «բնակության նոր վայրեր» հասածները մեռնում արաբական անապատներում)։

Առաջին միջազգային փաստաթուղթը, որի մեջ Լեմկինի ջանքերով  օգտագործվեց «ցեղասպանություն» եզրույթը, 1945-ի հոկտեմբերի 18-ի մեղադրական եզրակացությունն էր։ Նյուրեմբերգյան դատարանը, սակայն, գործ ուներ պատերազմական հանցագործների հետ, որոնք ոչնչացրել էին օկուպացված երկրների քաղաքացիներին, հետևաբար, Նյուրենբերգը չդարձավ իշխողներին իրենց հպատակների հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նախադեպ։ Բացի այդ, 1946-ի հոկտեմբերի 1-ի դատավճռի մեջ «ցեղասպանություն» եզրույթը բացակայում էր։ Եվ Ռաֆայել Լեմկինն անմնացորդ նվիրվում է Կոնվենցիայի շարադրման, ընդունման, վավերացման անդուլ աշխատանքին։

1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն բանաձև ընդունեց։ Բայց որպեսզի այն դառնար միջազգային իրավունքի օրենք, պետք է վավերացվեր 20 պետությունների կողմից։ Եվ Լեմկինը շարունակում է քրտնաջան աշխատանքը զանազան կառավարությունների հետ։ Այդ թվում Թուրքիայի։ «Ինքնակենսագրության» մեջ նա գրում է. «Գիտակցությանս մեջ համարձակ պլան հասունացավ։ Հասնել նրան, որ Թուրքիան լինի Կոնվենցիան վավերացնող 20 պետություններից մեկը»։

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրների ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։

Ռաֆայել Լեմկինի բազամյա պայքարն ավարտվեց հաղթանակով։ Բայց ամենից քիչ նա էր ուրախ։ Կոնվենցիայից հանվել էր «մշակութային ցեղասպանությունը»՝ մշակութային և կրոնական արժեքների ոչնչացում, մայրենի լեզվի արգելք, ազգային մտավորականության ոչնչացում, հետապնդվող խմբի երեխաների յուրացում: (Այս կապակցությամբ ինչպես չհիշես 1915 թվականի ապրիլի 24-ը՝ Կոնստանդինապոլսի հայ մտավորականության ձերբակալությունն ու սպանությունը, ծնողների ոչնչացումից հետո ավելի քան 300 000 հազար հայ որբերի թրքացումը, վերջապես հայկական մշակութային-հոգևոր արժեքների հետևողական ոչնչացումը։ 1914 թ. Կոստանդինապոլսի պատրիարքարանի հաշվեկշռում կար 2549 տաճար, եկեղեցի, մատուռ, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-յի 1974 թ. զեկույցի Արևելյան Թուրքիայում մնացել էր  197 հայկական հոգևոր կառուց, բոլորն էլ շուտափույթ վերանորոգման ենթակա, իսկ այսօր Թուրքիայում առկա է ընդամենը 34 հայկական եկեղեցի։ Իսկ որ մշակութային ցեղասպանությունն իր հաղթարշավը շարունակում է նաև 21-րդ դարում, վկայում է 2005 թվականին Նախիջևանում Ջուղայի հազարավոր խաչքարերի լկտի ոչնչացումը։ Եվ դա այն դեպքում, երբ եվրոպական արվեստաբանների միահամուռ կարծիքով, այդ թվում Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի, Ջուղայի խաչքարերը բացառիկ էին ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քանդակագործական արվեստում)։ 

«Մշակութային ցեղասպանությունը» Լեմկինը որոշել էր հանգամանորեն լուսաբանել «Ցեղասպանության պատմություն» գրքում, որի վրա աշխատում էր 50-ական թվականներին։ Ինձ չհաջողվեց պարզել՝ ավարտել է նա գիրքը, թե ոչ, իսկ ահա «Ինքնակենսագրություն»-ը, որն սկսել էր 1958-ին, անավարտ մնաց, ընդհատվեց նրա կյանքի հետ միաժամանակ։ Ռաֆայել Լեմկինը վաղաժամ վախճանվեց 1959-ի օգոստոսի 28-ին։

Վախճանվեց Լեմկինը մենության մեջ, նյութապես անապահով։ Նրան հողին հանձնեց Նյու-Յորքի հրեական համայնքը։ Հոլոքոստի ժամանակ կորցնելով բոլոր հարազատներին, նա նոր ընտանիք չկազմեց և երբեք չմտածեց նյութական բարիքների մասին։ Հանուն Կոնվենցիայի ընդունման և վավերացման բազամյա պայքարի տարիներին նրան ինչ անուն ասես, որ չէին կպցնում՝ գլխացավանք, անրջող, ֆանատիկոս, իսկ նա պարզապես իդեալիստ էր բառիս լավագույն իմաստով։ Իդալիստ էր երիտասարդության տարիներին, երբ հայոց ցեղասպանությունն իրականացնողների անպատժելիությունը խռովում էր հոգին, այդպիսին էլ մնաց մինչև իր կյանքի վերջը։ Երբ ՄԱԿ-ի միջանցքներում և ընդունարաններում դիվանագետները նրան համոզում էին ձեռք քաշել անիմաստ ձեռնարկից՝ ի՞նչ կոնվենցիա, բան դուրս չի գա, նա պատասխանում էր. «Միայն մարդը դա կարող է անել»։ Նա հասկանում էր, որ չարն էլ, բարին էլ մարդուց են գալիս, և մարդկությունը չարին կարող է դիմագրավել միայն բարին սերմանելով։ 1950 թվականի հուլիսին Տելմա Ստիվենսին հասցեագրված նամակում նա գրում է. «Այս կոնվենցիան խղճի հարց է, չարի հանդեպ մեր անձնական վերաբերմունքի փորձություն։ Ես գիտեմ, հուլիսյան և օգոստոսյան տոթին դժվար է աշխատել, բայց սենտիմենտալ չերևալու և բարձագոչ արտահայտություններից խուսափելու ցանկությամբ հանդերձ, այնումենայնիվ, ասեմ՝ եկեք չմոռանանք, որ այս ամսվա տոթը այնքան սարսափելի չէ, որքան Աուշվիցի ու Դախաուի վառարանների կրակը կամ Հալեպի անապատի սպանիչ շոգը, որը մոխրացնում էր հարյուր հազարավոր հայերի՝ 1915 թվականի ցեղասպանության զոհերի մարմինները»։

Հանուն իր գաղափարի Լեմկինը պայքարում էր մենակ, առանց որևէ պետական կամ հասարակական աջակցության, ֆինանսական օգնություն նույնպես չէր ստանում։ Կոնվենցիայի վավերացումից հետո նրա թեկնածությունը մի քանի անգամ (1950, 1951, 1952, 1955 թթ.) ներկայացվեց Նոբելյան մրցանակի, սակայն ամեն անգամ պարզվում էր, որ մեկ ուրիշն «ավելին» է արել հանուն մարդկության, հանուն բարու և արդարության հաղթանակի։.

Բայց դա, իհարկե, դժբախտություն չի, ամեն ինչ չէ, որ մրցանակներով է որոշվում։ Մարդկության առաջ նրա ծառայությունների լավագույն ճանաչումը տապանաքարի մակագրությունն է. «Դ-որ Ռաֆայել Լեմկին (1900-1959), Ցեղասպանության ոճրագործության կանխարգելման կոնվենցիայի հայրը»։ 

Վահագն Գրիգորյանը նշանավոր լիտվահայ գրող է, արձակագիր և թարգմանիչ։ Նա հանդիսանում է Հայաստանի և Լիտվայի գրողների միությունների անդամ, արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների։ Նրա շուրջ երեք տասնյակի հասնող գրքերց թարգմանվել են լիտվերեն և այլ օտար լեզուներով։ Նա լիտվերենից թարգմանել է Յոնաս Ավիշի և Յուոզաս Բալտուշյիս գործերը։ Նա ապրում է Լիտվայում և Հայաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am