Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

1915 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Օսմանյան Թուրքիայում պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի՝ Հայոց ցեղասպանության տարի:

Եվ ապրիլի 24-ին ողջ հայ ժողովուրդը սգում ու խոնարհվում է Եղեռնի նահատակների սուրբ հիշատակի առջեւ: Դա հարգանքի տուրք է 1,5 միլիոն մեր հայրենակիցներին՝ անմեղ երեխաների, ծերերի ու կանանց, մշակույթի ու արվեստի գործիչների, պետական ու քաղաքական այրերի, հասարակ մարդկանց, ովքեր թուրքական յաթաղանի զոհ դարձան միայն այն բանի համար, որ հայ էին: Հարյուր հազարավոր մարդիկ դարձան տարագիր՝ թողնելով տուն ու տեղ եւ ապաստան գտնելով աշխարհի տարբեր ծայրերում:

Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը եւ ոչ միայն վերապրել, այլեւ նորից կառուցել տուն ու օջախ, շենացնել հարազատ հողը եւ պաշտպանել այն՝ տոնելով մեծ հաղթանակներ: Այդ հաղթանակների հավաստիքն այսօր ազատ, անկախ ու ինքնիշխան հայկական երկու հանրապետություններն են, որոնք մեր մաքառող ու արարչագործ ժողովրդի,  սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների միասնական ջանքերի ու նվիրումի շնորհիվ հաստատուն քայլերով ընթանում են դեպի հուսալի ապագա:

Մեծ եղեռնը համայն հայության խոր ցավն է ու չսպիացող վերքը, որը պարտավորեցնում է մեզ՝ միշտ լինել զգոն ու աչալուրջ, անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման ուղղությամբ: Լինել կուռ, համախմբված ու միասնական, հավատալ ու ապավինել սեփական ուժերին՝ ամեն ինչից վեր դասելով համազգային շահն ու արժեքները. սա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհը, սա՛ է Հայոց ցեղասպանության կարեւորագույն դասը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ