Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են իրականացնում Նոր Նորքում. իրավիճակը լարված է

Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են իրականացնում Նոր Նորքում. իրավիճակը 
լարված է

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն ապրիլի 21-ին քայլերթը սկսել են Նոր Նորքից:

11:40 - Երևանում ապրիլի 20-ին ավտոմեքենաներով խուլիգանական արարքներ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. 3 անձ ձերբակալվել է: «Շուրջ 60  ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն  են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ: 

Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է ՀՀ դատախազության հայտարարության մեջ

11:35 - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նոր Նորքի 6-րդ զանգվածում հավաքվածներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ նրանք անհամաչափ սահմանափակում են քաղաքացիների տեղաշարժը:

«Մենք քաղաքացիներից ստանում ենք բողոքներ. ոմանք ուշանում են հիվանդանոցից, ոմանք օդանավակայանից են ուշացել, տարբեր հանդիպումներից»,- նշեց Օսիպյանը:

Փաշինյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը չպետք է սահմանափակի հավաքվածներին՝ Երևանի փոխոստիկանապետը պատասխանեց, որ այս օրերին սահմանափակվել են շատ քաղաքացիների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները:

Նա նշեց, որ հավաքի շատ կազմակերպիչներ վիրավորել են ոստիկաններին: «Մենք ստիպված կլինենք բոլորին կարգի հրավիրել: Դուք, որպես կազմակերպիչ, կհեռացվեք այստեղից, քանի որ չեք կարողանում նորմալ կազմակերպել հավաքը»,- հայտարարեց Օսիպյանը:

Փաշինյանն ի պատասխան ասաց, թե սա ինքնաբուխ հավաք է և ոստիկանությունը չի կարող խոչընդոտել իրենց երթը:

Քիչ հետո ոստիկանների և հավաքվածների միջև բախում տեղի ունեցավ, որից տուժեց մեկ ոստիկան, նրան գործընկերները հեռացրեցին: Ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի անձանց:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանք կրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին բերման ենթարկվածների թիվը գերազանցեց 200-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am