Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մասնագետները հավաքի ողջ ընթացքում կարևորում են լրագրողների ներկայությունն անմիջապես իրադարձության կենտրոնում

Մասնագետները հավաքի ողջ ընթացքում կարևորում են լրագրողների ներկայությունն անմիջապես իրադարձության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի ընթացքում ցանկացած իրադարձության կենտրոնում լրագրողների ներկայությունն ու հավաստի ինֆորմացիայի տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 20-ին կայացած ասուլիսում մասնագետները սուբյեկտիվ համարեցին «պահպանել պատշաճ հեռավորություն» ասվածը:

«Լրագրողները պետք է լինեն այնտեղ, որտեղ գործողություններն են տեղի ունենում: Ցանկացած ոստիկան սուբյեկտիվ կարող է գնահատել հեռու կամ մոտ լինելը: Չկա այդպիսի նախանշված սահման»,-ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը մեծապես կարևորեց, որ թե ոստիկանները, թե հավաքի մասնակիցները հարգեն և հաշվի նստեն լրագրողի մասնագիտական պարտականությունը կատարելու հետ: «Կարևոր է ընդունել, որ լրագրողներն իրենց սեփական հաճույքի կամ հետաքրքրությունների համար չեն իրադարձությունների կենտրոնում: Նրանց մասնագիտական պարտականություն է՝ լինել այնտեղ, լուսաբանել այն, ինչ տեղի է ունենում»,-ասաց նա ու նշեց, որ ՀՀ Քրեական օրենսդրության 164-րդ հոդվածը որպես հանցագործություն է դիտարկում լրագրողների մասնագիտական, օրինական գործունեությանը միջամտելը:

Նա նկատեց՝ երեկ և այսօր լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ քրեական հանցագործություն է տեղի ունեցել: Եվ այն անձինք, ովքեր կատարել են դա, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով ևս՝լրագրողները պարտավոր են լինել իրադարձությունների, բախումների կենտրոնում: «Ոչ ոք չի ուզում նրանք տուժեն, սակայն միայն այդտեղից նրանք կարող են հավաստի և ստուգված ինֆորմացիա տալ հանրությանը»,-ասաց նա:

Անդրադառնալով լրագրողներին ուղղված ՀՀ ոստիկանության հորդորին՝  հավաքի վայրերից պահպանել պատշաճ հեռավորություն, Սարգսյանն ասաց, որ Ոստիկանության գործառույթը չէ մասնագիտական գնահատական տալ և ասել, թե լրագրողներն ինչպես պետք է կատարեն իրենց գործը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն՝ կոչ անելով լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի վայրերից՝ չխոչընդոտելով Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակը, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ապրիլի 20-ի ժամը 15:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 183 անձ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am