Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում

Հոգեբանը հավաքների կազմակերպիչ Փաշինյանի ծրագրերն անհասկանալի է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով վերջին օրերին Երևանում կատարվող իրադարձություններին, նշում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի հիմնական նպատակը հստակ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոգեբանը նման տեսակետ հայտնեց ապրիլի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:

«Տարբեր կարող են լինել հավաքը կազմակերպողի և ժողովրդի դիրքորոշումները: Կարծում եմ՝մարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ հավաքի են դուրս գալիս ոչ թե անձի, այլ խորհրդային տարիներից եկած կառավարման համակարգի դեմ: Ժողովուրդը պայքարում է կոռուպցիայի, որոշ կառույցների աշխատանքի և այս կարգի շատ երևույթների դեմ»,-ասաց Խուդոյանն ու հավելեց, որ հավաքի, նախաձեռնության ծրագիրն ինչ-որ առումով անհասկանալի է:

Նրա կարծիքով՝ չի հստակեցվում, թե որն է հիմնական նպատակը: Անհասկանալի է այդ հավաքի վերջը: Խուդոյանը երկրի համար մեծապես կարևորեց արտաքին կապերը պահելը: «Ընդդիմությունը չի հստակեցնում՝ եթե ուզում է իշխանության հասնել, ինչպես պետք է լուծի Արցախի հարցը: Նրանք պետք է ներկայացնեն, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ կողմնորոշում են ունենալու »,-ասաց նա:

Խուդոյանը թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը հոյակապ գնահատեց: «Երեք նախագահներն էլ արտաքին քաղաքականությունում կարողացել են հավասարակշռություն ստեղծել: Նույնիսկ Վրաստանն է դա օրինակ բերել: Եթե ընդդիմությունն ուզում է իշխանության գալ և եթե խախտելու է այդ բալանսը, ավելի լավ է, որ չգա»,-եզրափակեց նա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները ապրիլի 13-ից փակել էին Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ապրիլի 16-ի առավոտից կաթվածահար էին արել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, փակել բանուկ փողոցները: Դրանք երեկոյան արդեն բացվել էին, սակայն ապրիլի 17-ի առավոտյան կրկին փակվել էին հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել: Վեց ոստիկան, Նիկոլ Փաշինյանն ու հավաքի մոտ չորս տասնյակ մասնակիցներ տարվել էին հիվանդանոցներ: Այդ օրն ավելի քան 8 տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն վարչական իրավախախտումների դեպքերով: Ապրիլի 17-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել է, որ կբացեն Ֆրանսիայի հրապարակը և կգիշերեն տանը: Սակայն նրանք ապրիլի 18-ի առավոտյան կրկին փակեցին հրապարակն, ապա քայլերթով հասան ՀՀ վարչապետի նստավայր: Նրանք ապրիլի 18-ին ևս քայլերթեր են իրականացրել, իսկ ապրիլի 19-ին առավոտից փորձել են արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենք աշխատակիցների մուտքը: Ապրիլի 19-ին ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել: Իսկ ապրիլի 20-ին նրանք կրկին երթ սկսեցին՝ այս անգամ Գյուլբենկյան փողոցից: Ապրիլի 20-ին բերման ենթարկվածների թիվը հասավ 183-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am