Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս

Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 2018 թվականի մշակութային մայրաքաղաք Վալետայում մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի փառահեղ հնչյուններով ապրիլի 18-ին ազդարարվել է Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի բացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մալթայում Հայաստանի մշակույթի օրերը կտևեն մինչև ապրիլի 30-ը: Այս նախաձեռնության հեղինակը Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամն է, իրականացվում է Հայաստանի ու Մալթայի մշակույթի նախարարությունների, Art’s Concil Malta և Վալետա 2018 Հիմնադրամ կազմակերպությունների աջակցությամբ:

Միջոցառումների շարքն ամբողջությամբ ներկայացվել է մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնակցում  էին տեղական ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև անվանի մշակույթի գործիչներ՝ ամբողջ աշխարհից:

Հայաստանի մշակույթի օրերը Մալթայում խոշորածավալ միջոցառման ընթացքում կներկայացվի հայկական մշակույթի լայն գունապնակը՝ կներկայացվի Արամ Խաչատրյանի, Կոմիտասի լուսանկարների, «Խաչքարեր» և «Քարերի գաղտնիքը»  ցուցադրությունները: Մալթայի հյուրերն ու տեղաբնակները կհաղորդակցվեն հայկական ժամանակակից ու դասական երաժշտությանը, ֆիլմերին: Հատկանշական է, որ միջոցառմանն իր ներգրավվածությունն ունի նաև Սփյուռքը: Հայկական ազգային ու ժողովրդական պարերի ներկայացմամբ ելույթ կունենա Մարսելից ժամանած Արաքս պարային համույթը:

Առաջիկայում նաև Չայկովսկու անվան միջազգային փառատոնի դափնեկիր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հիշեցնենք, որ այս տարի Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:

Սակայն Հայաստանի մշակութային օրերի բացման համերգում, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին, Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցին Մալթային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացմամբ: Ռեժիսորական վահանակի մոտ Հայաստանի վաստակավոր արտիստ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էր: Համերգի մենակատարը հայտնի ջութակահար Այման Մուսախաջաևան էր, որի մասնագիտական կարիերայի վրա մեծ է հենց Խաչատրյանի ներազդեցությունը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ