Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում ուղիներ են փնտրում մարզերը 6 տարում անհրաժեշտ բժիշկներով համալրելու համար

Հայաստանում ուղիներ են փնտրում մարզերը 6 տարում անհրաժեշտ բժիշկներով 
համալրելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային հիվանդանոցներում մասնագետների թափուր տեղերի հարցը շարունակում է մնալ մտահոգիչ: Որոշներն անգամ ապահովված չեն սրտաբաններով, թերապևտներով, շտապ օգնության բժիշկներով: Մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագիտացման կադրերով համալրելու հայեցակարգով ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է բժիշկների աշխատանքի համար ստեղծել գայթակղիչ պայմաններ: Տեսլականում են կարիերայի աճի հնարավորության ստեղծումը, ֆինանսական պատշաճ փոխհատուցումը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի տարեկան 100 տեղի հատկացման դեպքում 6 տարում ողջ Հայաստանում կլուծվի բժշկական կադրային պահանջարկի հարցը:

-Պարոն Սողոմոնյան, նախքան հայեցակարգի մշակումը կարիքի  գնահատում եղե՞լ է:

-Առողջապահության նախարարությունը, իհարկե, ունի տվյալներ և արդեն 8 տարի վարվող և պարբերաբար թարմացվող տեղեկատվական բազա, որում հաշվառվում են պետական հատվածում բժիշկների թափուր աշխատատեղերը: Այսինքն՝ ունենք որոշակի պատկերացում կարիքի մասին: Սակայն նոր նախագծով պատրաստվում ենք շատ ավելի խորքային վերլուծություն անել, որով կունենանք ոչ միայն թվային տվյալներ, այլ նաև կվերլուծենք և կհասկանանք, թե ինչով են պայմանավորված այդ թվային տարբերությունները: Կարծում ենք, որ վերլուծությունն ու պատճառների բացահայտումը մեզ ավելի թիրախային գործողություններ իրականացնելու հնարավորություն կտան: Մտադիր ենք կիրառել հարցաթերթիկների մեթոդը: Դրանցում կլինեն թիրախային հարցեր՝ բժիշկների տարածաշրջանում աշխատելու պահանջմունքների և այն խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են նրանք և ստիպված լքում աշխատավայրը: Մյուս մեթոդը միջազգային փորձի ուսումնասիրությունը կլինի: ԱՀԿ և մի շարք այլ կազմակերպություններ ունեն հրապարակված զեկուցումներ՝ բժիշկների միգրացիայի պատճառների, խնդիրների լուծման մեթոդների մասին: Կարծում եմ՝ Հայաստանում ևս կիրառելի և արդյունավետ կլինեն այն լուծման տարբերակները, որոնք գործում են մեր երկրի չափ եկամուտ, տարածք ու բնակչություն ունեցող երկրներում: Բացի այդ՝ ինքներս էլ այս տարիներին, շփվելով մարզերի բուժաշխատողների հետ, ծանոթ ենք նրանց խնդիրներին, և կարիքի վերաբերյալ ունենք որոշակի վերաբերմունք:

-Ինչպիսի՞ լուծումներ են տրվելու խնդրին:

-Անհրաժեշտ է փորձել մարզերում գայթակղիչ պայմաններ ստեղծել բժիշկների աշխատանքի համար: Բժիշկների աշխատանքը սթրեսային է, և նրանց պարբերաբար պետք են նաև ժամանցի միջոցներ, մշակութային կյանք, արվեստի հետ շփում, որպեսզի կարողանանք սթրեսը հանել և աշխատանքի գնալ հանդարտ հոգեվիճակով: Մենք պետք է փորձենք հատկապես հեռավոր բնակավայրերում բժիշկներին ապահովել հնարավորինս արժանավայել կյանքով: Նաև պետք է փորձել գտնել միջոցներ, որ նրանք ստանան պատշաճ ֆինանասական փոխհատուցում: Դժվար թե որևէ բժիշկ ցածր աշխատավարձով մնա և աշխատի հեռավոր գյուղում: Անհրաժեշտ է ապահովել նաև կարիերայի աճի հնարավորությունները, վերապատրաստումների, գիտաժողովներին նրանց անվճար մասնակցությունը: Հնարավորությունները բազմաթիվ են և Կառավարության որոշման նախագծում արտացոլված: Հույս ունենք, որ Առողջապահության նախարարությունը, համագործակցելով այլ գերատեսչությունների՝ մարզային իշխանությունների և այլ կառույցների հետ, կկարողանա գտնել խնդիրների լուծման ոսկե միջինը, որ սուղ բյուջեի պայմաններում կարողանանք ստեղծել գրավիչ պայմաններ բժիշկների համար:

-Կարելի՞  ենթադրել, որ սպասվում է բժիշկների աշխատավարձի բարձրացում:

-Աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ են լրացուցիչ բյուջետային հատկացումներ: Իսկ դրանց հնարավորությունն առաջանում է երկրի տնտեսական աճի ֆոնի վրա: Ես համոզված եմ, որ իշխանությունները հնարավորություն կգտնեն այդ մուտքերից հատկացումներ անել նաև առողջապահության բնագավառին, մասնավորապես մարզերում աշխատող բժիշկներին: Սակայն դա միայն տեսլական է: Ես նախանշում են ճանապարհային քարտեզը, թե ինչ առաջարկներ ենք մենք ներկայացնում:

-Ձեր նախանշած մեթոդները, կարծեք թե, հիմնականում բժիշկներին մարզերում պահելու համար էին, իսկ մայրաքաղաքից դեպի մարզեր կադրեր տանելու ի՞նչ ծրագրեր կան:

-Նույն մեխանիզմները լիարժեք արդյունավետ աշխատում են նաև քաղաքաբնակ, մասնավորապես, Երևանի գերհագեցած բժշկական համայնքից բժիշկներ տեղափոխելու համար: Եթե գրավիչ պայմաններ ստեղծվեն մարզերում և դրանք մրցունակ լինեն Երևանի հետ, ապա շատ բժիշկներ կգնան և կաշխատեն մարզերում:

-Իսկ բժշկական բուհերի ուսանողներին մարզեր տանելու առաջարկներ լինելո՞ւ են:

-Մեր հայեցակարգում մի մեծ գլուխ վերաբերում է հենց նպատակային կրթական ծրագրերին: Մենք ներկայում էլ ենք իրականացնում նպատակային կրթություն: Սա կրթության այն տեսակն է, երբ ուսանողները սովորում են պետպատվերով, սակայն ուսումնառության սկզբից պայմանագիր են ստորագրում և պարտավորություն ստանձնում՝ ուսումնառության ավարտից հետո որոշակի ժամանակով պարտադիր մեկնել և աշխատել մարզային հիվանդանոցներում՝ ըստ ուղեգրերի: Այս մեթոդն իր արդյունավետությունն ապացուցել է բազմաթիվ երկրներում: Սակայն մենք փորձելու ենք ակտիվացնել աշխատանքը Կրթության և գիտության նախարարության հետ: Դրա արդյունքում հույս ունենք շեշտակիորեն ավելացնել նպատակային կրթությանը հատկացվող տեղերի քանակը: Ունեինք տարեկան սահմանափակ՝ 35 տեղ: Հայեցակարգով տեղերը պետք է հասցվեն տարեկան գոնե 100-ի : Եվ ըստ մեր հաշվարկի՝ եթե մեզ տարեկան հատկացվի 100 նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղ, մենք ողջ Հայաստանում բժշկական կադրային պահանջարկի հարցը կկարողանանք լուծել 6 տարում:

-Պարոն Սողոմոնյան, ասացիք, որ կարիքի մասին արդեն իսկ ունեք որոշակի պատկերացում, ամենաշատ բացը ո՞ր մարզում ունենք, և ո՞րն է պատճառը:

-Բացարձակ թվերի առումով ամենամեծ պահանջարկն առկա է Շիրակի մարզում: Սակայն դա բնական է, քանի որ բնակչության և տարածքի առումով էլ այդ մարզն ամենամեծերից է: Որքան մարզը մեծ է և մայրաքաղաքից հեռու, իսկ բնակչությունը՝ շատ, այնքան ավելի խոր են կադրային պահանջարկի խնդիրները: Երևանամերձ 4 մարզերում՝ Արմավիրում, Արարատում, Կոտայքում և Արագածոտնում կադրային պահանջարկի խնդիրը բավականին մեղմ է՝ շնորհիվ նրա, որ Երևանից շատ բժիշկներ ամեն օր գնալ-գալով կարողանում են աշխատել մարզային այդ հիվանդանոցներում: Մյուս մարզերում կադրային ավելի ակտիվ քաղաքականություն ենք վարում:

-Իսկ ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը և ինչո՞ւ:

-Ներկայում ամենամեծ պահանջարկն ունեն ընտանեկան բժիշկները: Այս պահին Հայաստանում 36 ընտանեկան բժշկի թափուր հաստիք կա: Մեծ պահանջարկ ունեն նաև թերապևտները, սրտաբանները, շտապ օգնության բժիշկները, հատկապես վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգները, ընդհանուր վիրաբույժները, հոգեբուժության բնագավառի բուժաշխատողները և ընդհանուր մանկաբույժները, մանկական անեստեզիոլոգները: Պատճառները մի քանիսն են: Քանի որ դրանց պահանջարկը շատ է նաև Երևանում, մարզերից որոշ բժիշկներ պարզապես տեղափոխվել են Երևան աշխատելու, և արդյունքում էլ առաջացել են բացերը: Երկրորդ պատճառն այն է, որ սրանք հիմնականում ընդհանուր մասնագիտություններ են՝ ընդհանուր թերապիա, ընդհանուր վիրաբուժություն, մանկաբուժություն: Եվ, ցավոք, հիմա բժիշկների երիտասարդ սերունդը չի նախընտրում ձեռք բերել ընդհանուր մասնագիտություններ: Նրանք ավելի շատ ուզում են ունենալ բժշկական աշխատանքի ավելի նեղ ոլորտ, որտեղ պատասխանատվության շրջանակը ավելի սահմանափակ է, աշխատանքը ոչ այնքան ծանր և ֆինանսական փոխհատուցումները՝ որոշակի առումով ավելի բարձր: Իսկ ընտանեկան բժիշկների թափուր տեղերը հիմնավորվում են նրանով, որ նրանք հիմնականում մասնագիտական գործունեություն են իրականացնում գյուղական համայնքներում: Եվ նրանց համար սոցիալ-մշակութային կյանքի հնարավորություն ևս պետք է լինի: Սակայն գյուղերում ժամանցի վայրեր գրեթե չկան: Կարծում եմ՝ սա է պատճառը: Ուսանողները ընտանեկան բժիշկ դառնալու մեծ ցանկություն չունեն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am