Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը և նրա կողմնակիցները հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում

Փաշինյանը և նրա կողմնակիցները հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում

ԵՐԵՎԱՆ,  14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները և նրանց համակիրները Երևանի փողոցներում կազմակերպված երթից հետո հերթական հանրահավաքն անցկացրին, որն այս անգամ կայացավ  Ֆրանսիայի հրապարակում:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մեկնարկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքվածներին հայտնեց, որ իրենց հավաքին է միացել Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը:

Փաշինյանն ընդգծեց, որ արդեն երկու հաշվետվություն հրապարակել են հավաքի ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ, առաջիկայում կհրապարակեն նաև երրորդ հաշվետվությունը: «Այս շարժման բոլոր ծախսերը առանց բացառության հոգացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց նվիրաբերություններով՝ Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս: Այդ նվիրատվությունները եղել են սկսած 100 դրամից և ավարտած 300 հազար դրամով: Ես ցանկանում եմ, որ բոլորս ծափահարենք մեր հայրենակիցներին»,- հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաքի մասնակիցներին ներկայացրեց ապրիլի 14-ին Երևանի կենտրոնում իրենց երթի արդյունքները, որի ժամանակ նաև ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք: «Ահա սա է խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը, մենք չենք հայհոյում ոչ մեկին, մենք ոչ մեկի վրա չենք բռնանում, մենք ոչ մեկին ֆիզիկական վնասվածք չենք պատճառում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հանրային ռադիոյի շենքից դուրս գալուց հետո երթով շարժվել և արգելափակել են Կրկեսի խաչմերուկը՝ դրա արդյունքում առաջացած խցանման մեջ մնացած քաղաքացիներից ներողություն խնդրելով պատճառած անհարմարությունների համար:

Փաշինյանը  հավաքի մասնակիցներին հայտնեց, որ ապրիլի 15-ին գլխավոր հանդիպման երկու ժամ են ունենալու՝ 14:00-ին և 18:30-ին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am