Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աշխատանքի և հայրենիքի հանդեպ պատասխանատու և նվիրյալ. Ստեփան Քոչարյանը կդառնար 90 տարեկան

Աշխատանքի և հայրենիքի հանդեպ պատասխանատու և նվիրյալ. Ստեփան Քոչարյանը 
կդառնար 90 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի միջազգայնագետ, մտավորական, քաղաքական մեկնաբան, գիտնական, դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Քոչարյանը ապրիլի 14-ին կդառնար 90 տարեկան: Ցավոք, կյանքից շուտ հեռացավ` 69 տարեկանում: Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով: Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1951-52թթ. լավագույն շրջանավարտներից էր: 1951-1954 թվականներին, մինչև թեկնածուական թեզը պաշտպանելը, սովորել է Մոսկվայում` Պետական համալսարանի փիլիսոփայական բաժանմունքի ասպիրանտուրայում: Դոկտորականը` «Պատերազմի և խաղաղության դիալեկտիկան և արդիականությունը» թեմայով, պաշտպանեց 1970թ. Երևանում:  Շուրջ 40 տարի ղեկավարել է Հայաստանի տարբեր բարձրագույն հաստատությունների հասարակական գիտությունների ամբիոնները: 1986-89 թվականներին ղեկավարել է Հայաստանի բարձրագույն կրթության նախարարության հասարակական գիտությունների դասավանդման վարչությունը:  Արժանացել է մի շարք  պարգևների և մեդալների  Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից:

Մեծ հայրենասեր էր, իր աշխատասիրությամբ և նվիրվածությամբ օրինակելի անձնավորություն մատաղ սերնդի համար: Երազում էր անկախ, ազատ Հայաստանի մասին:  Չնայած հետապնդող հիվանդություններին, կյանքի մինչև վերջին օրերը տպագրվում էր, ելույթներ ունենում և դասավանդում փիլիսոփայություն և միջազգային հարաբերություններ Հայաստանի բաց համալսարանում:  Տարիներ շարունակ՝ մինչև 1990 թ., Հայաստանի հեռուստատեսության 1-ին ծրագրով  վարում էր «Միջազգային համայնապատկեր» հաղորդումը: Հեռուստադիտողներին, ռադիոունկնդիրներին, ուսանողական  լսարաններին հմայում և գերում էր իր բարձր հռետորական արվեստով, խորը վերլուծություններով և մեկնաբանություններով, վերին աստիճանի մաքուր և գեղեցիկ հայերենով: Հպարտանում էր հայ ժողովրդի յուրաքանչյուր հաջողությունով և հաղթանակով` արձանագրած գիտության, մշակույթի և սպորտի ասպարեզներում: Ցնծություն և երջանկություն  ապրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հաղթանակների և Հայաստանում անկախություն հռչակելու օրերին: Դեռ երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում անասելի աշխատանքային արդյունավետությամբ, խորը գիտելիքներով և պատրաստվածությամբ:

Նրա միջազգային հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հոդվածներ տպագրվեցին հայաստանյան թերթերում և ամսագրերում: Ստեփան Քոչարյանի հասարակայնության համար բաց դասախոսությունները կազմակերպվում էին Հայաստանի տարբեր շրջաններում` քաղաքներում և գյուղերում, ուսումնական հաստատություններում, մշակույթի կենտրոններում և ակումբներում: Մեծ ժողովրդական հեղինակություն էր վայելում: Ամենուրեք ճանաչում էին, մոտենում, հարցեր տալիս, խնդրում պարզաբանումներ և բացատրություններ: Չէր զլանում, հաճույք էր ստանում յուրաքանչյուրի հետ շփումից: Տաղանդավոր անձնավորություն էր` նվագում էր մի քանի երաժշտական գործիքների վրա, տիրապետում էր ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն լեզուներին: Մեծ հայրենասեր էր,  սիրում էր դիտել Երևանի «Արարատ»-ի մասնակցությամբ ֆուտբոլային խաղերը: Երիտասարդ տարիներին  իրեն փորձեց անգամ ֆուտբոլային մեկնաբանի դերում, հիմք դնելով ապագա դասախոսական արվեստին:  Կուբայում, որտեղ միայն մեկ տարի աշխատեց Սանտյագո դե Կուբա քաղաքի համալսարանում, դասախոսությունները կարդում էր իսպաներեն և ռուսերեն լեզուներով:

Բազմաթիվ մենագրությունների, միջազգային հարաբերությունների, մասնավորապես՝ պատերազմի և խաղաղության խնդիրներին նվիրված  գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ էր: Վարում էր մեծածավալ հասարակական աշխատանք  «Գիտելիք» ընկերությունում, Հանրապետության շրջաններում: Գործընկերները, հարազատները, հազարավոր ուսանողներն ու ունկնդիրները հիշում և բարձր են գնահատում Ստեփան Քոչարյանի անկրկնելի հռետորական դասախոսական արվեստը, բովանդակալից և ինքնատիպ վառ ելույթները, դասախոսություններն ու քաղաքական մեկնաբանությունները, անմոռանալի և սուր հումորը,  շիտակ և ազնվագույն բնավորությունը, սկզբունքայնությունն ու բծախնդրությունը, աշխատանքի և հայրենիքի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունն ու նվիրվածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am