Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժը ներկայացվել է Գերմանիայի չորս քաղաքներում


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ ապրիլի 10-13-ը Գերմանիա են այցելել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու «ՏՏ ոլորտի և բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին, որի գործընկերներից է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մինչ այդ հայկական պատվիրակությունը ապրիլի 10-ին մասնակցել է Կարլսռուեում, 11-ին` Լայպցիգում, 12-ին` Էրֆուրտում կայացած ՏՏ ոլորտի ֆորումներին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել գերմանացի գործընկերների հետ:

Ֆորումներին հայկական կողմը ներկայացրել է ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, օրենսդրական դաշտն ու զարգացման միտումները, քննարկել գերմանական կողմից հետ համագործակցության հեռանկարները:

Բեռլինյան ֆորումին իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր մարդկային կապիտալով և այսօր էլ շարունակում է կառուցել տնտեսությունը` հիմնված գիտելիքահենք ներուժի վրա, որի կարևոր բաղադրիչներից է ՏՏ ոլորտը: Միաժամանակ դեսպան մեծապես կարևորեց նման միջոցառումների և այցերի անցկացումը հայ-գերմանական գործարար կապերի ամրապնդման գործում:

Դեսպանը մասնավորապես հավելեց․ «Այս ոլորտում ունեցած հաջողությունների, մարդկային կապիտալի և մեր երկրում գործող խոշոր միջազգային կազմակերպությունների շնորհիվ Հայաստանն այսօր իր ներածին չափով նպաստում է ՏՏ ոլորտի համաշխարհային զարգացմանը»:

Աշոտ Սմբատյանն անդրադարձավ նաև «աութսորսինգի» գաղափարին` ներկայացնելով Հայաստանի առավելությունները: Նա նշեց, որ Հայաստանը կարող է լուրջ պլացդարմ հանդիսանալ խոշոր ընկերությունների համար` հաշվի առնելով կրթված, ժամանակի միտումների հետ համընթաց քայլող երիտասարդության, համեմատաբար էժան աշխատուժի առկայությունը, Արևելքի և Արևմուտքի հետ լավ հարաբերությունները, տարբեր ինտեգրացիոն կառույցների և երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունենալու հանգամանքը:

Ապրիլի 13-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց դեսպանությունում: Հանդիպմանը Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ղեկավար Դիթմար Շտիլը ներկայացրեց այցի արդյունքներն ու հետագա անելիքները»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ