Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կրթական տասնամյակի ձեռքբերումները. Հայաստանի կրթական հաստատությունները միջազգային հետաքրքրության կենտրոնում են. ՖԻԼՄ

Կրթական տասնամյակի ձեռքբերումները. Հայաստանի կրթական հաստատությունները 
միջազգային հետաքրքրության կենտրոնում են. ՖԻԼՄ

Կրթական տասնամյակի ձեռքբերումները. ՖԻԼՄ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 տարներին կրթությունը Հայաստանում դարձել է անհամեմատ ավելի մատչելի, ուսուցման ավանդական ձևերը փոխարինվել են և համապատասխանեցվել նորագույն պահանջներին: Իսկ նոր կրթական հաստատություններով՝ ի դեմս  «Թումո»-ի,  Հայաստանը հայտնվել է նաև միջազգային հետաքրքրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական համակարգի բարեփոխումները վերջին տասնամյակում ընդգրկել են կրթական ողջ շղթան՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ:

Դպրոցներում ավանդական մատյաններին և օրագրերին փոխարինել են dasaran.am-ը. 1400 դպրոց՝ մեկ միասնական կրթական ինտերնետային ցանցում: 2008-2018թթ-ին Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներն ապահովվեցին ինտերնետ կապով: Իսկ համակարգչային լաբորատորիաներն ու ակտիվ գրատախտակներն այլևս հեռավոր երազանք չեն:

2011թ-ի օգոստոսից իր աշխատանքները սկսեց ստեղծարար մտքի նոր հարթակը՝ «Թումո» կենտրոնը: «Թումո»-ն դարձավ հայկական տեխնոմտքի սիմվոլն ու ամենաիրական հասցեն: Երևանից հետո «Թումո» կենտրոններ բացեց նաև Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում` տարեկան 14 000 խելացի ու ճկուն մտքով երեխայի անվճար կրթություն տալով: Այն օրինակ դարձավ նաև միջազգային հանրության համար: 2017թ-ի ամենաինովացիոն քաղաք հռչակված Փարիզում մեկ տարի անց՝ 2018թ-ի սեպտեմբերին, հայկական օրինակով ֆրանսիական «Թումո» կբացվի:

2018թ-ի հունվարին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր, որ երբ Եվրահանձնաժողովի գիտական հետազոտությունների և ինովացիայի հանձնակատար Կառլոս Մոեդասին ոգևորված պատմել է, որ ինֆորմատիկայի լեզուների, տեղեկատվական տեխնոլոգիաների մի դպրոց են ստեղծելու, նա նկատել է, որ քաղաքապետը խոսում է հայկական «Թումո»-ի մասին: Ի պատասխան Իդալգոյի հայտարարության՝ Սարգսյանն ասել էր.

«Գիտեք, Հայաստանը, Երևանը Փարիզից շատ բան է սովորել և շատ բան է ընդօրինակել, թող մի բան էլ Փարիզը Երևանից ընդօրինակի»:

Սակայն «Թումո»-ն միակ կրթական հաստատությունը չէ, որ միջազգային հետաքրքրության կենտրոնում է հայտնվել: Նույն թվականին բարձրորակ կրթության ևս մեկ կենտրոն՝ «Այբ» դպրոցն է ստեղծվել Երևանում: Միջազգային պահանջներով հայկական կրթություն ապահովելուց բացի, «Այբ»-ը նաև սոցիալական ուղղվածություն ունի. անապահով, բայց տաղանդավոր աշակերտներին դպրոցում ոչ միայն անվճար կրթություն, այլև կրթաթոշակ են տալիս: «Այբ»-ը եզակի հնարավորություն է ավագ դպրոցի շրջանավարտի համար՝ նույն քննություններով հայկական կամ արտասահմանյան բուհ ընդունվելու բացառիկ հնարավորությամբ: «Արարատյան բակալավրիատ»-ի հավաստագրի վրա Քեմբրիջի համալսարանի տարբերանշանն է՝ որպես ծրագրի որակի երաշխավոր: 

Երբ 2011թ-ին Հայաստանը միացավ միջազգային բակալավրիատի ծրագրի իրականացնող երկրներին, «Քվանտ» վարժարանը ստացավ կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրը՝ «Դիպլոմա» ծրագրի իրավունքը: 2013թ-ին նույն իրավունքը ստացավ նաև «Անանիա Շիրակացի ճեմարան»-ը:  2014թ.-ին արդեն բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը՝ դառնալով ցանկալի հասցե աշխարհի 82 երկրի երիտասարդների համար:

Դիլիջանի միջազգային դպրոցի բացման ժամանակ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ուրախ կլինի, եթե այնտեղ սովորեն նաև թուրք ու ադրբեջանցի ուսանողներ:  Այդպես էլ եղավ: Դիլիջանի միջազգային դպրոցում սովորող ազգությամբ թուրք երիտասարդն այս կապակցությամբ նշել է. «Ես ազգությամբ թուրք եմ և այստեղ ընկերություն եմ անում տարբեր ազգերի երիտասարդների հետ: Դիլիջանի քոլեջն ապագայի լավ հնարավորություն է: Այստեղ միջավայրը շատ էկզոտիկ է»:

Իսկ 200 դոնորների միջոցներով կառուցված UWC Դիլիջան քոլեջն «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս է ու հայկական միասնականության ապացույցը: Բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ իրենք իրագործել են այս գաղափարը հենց այն պատճառով, որ հավատացել են և կարողացել են հավատացնել իրենց գործընկերներին:

Կրթական տասնամյակում մեծ թափ է ստացել նաև ապագայի ամենապահանջված ու գրեթե մարդուն փոխարինող տեխնիկայի զարգացումը: 2008թ.-ից ռոբոտաշինության զարգացման ծրագրով մինչև 2018 թվականը 5000 երեխայի համար 225 ռոբոտաշինության խմբակ է ստեղծվել: Ոսկե, արծաթե ու բրոնզե 134 մեդալ՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, երկրաչափություն առարկաներից:

Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2011-12 ուսումնական տարվանից հայկական բոլոր հանրակրթական դպրոցներում սկսեց դասավանդվել շախմատ առարկան: «Շախմատը դպրոցում» ծրագիրը 2012թ.-ի կրթության համաշխարհային ֆորումին ներկայացվեց որպես հայկական կրթական բրենդ: Աշխարհի 100 երկրի կրթության նախարարները զարմացած էին. ոչ մեկի մտքով չէր անցել շախմատ դասավանդել դպրոցում: «Շախմատիստ չդառնան էլ, արժանապատվորեն պարտվել ու ճիշտ հաղթել կսովորեն»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջազգային հետաքրքրություն առաջացրած ազգային բրենդին գումարվել է նաև կրթական մեկ այլ բրենդ՝ ազգային պար հանրակրթական դպրոցներում: Կրթական տասնամյակում մեկնարկել էր նաև չինարենի խորացված ուսուցմամբ  դպրոցի շինարարությունը:  Տարրական դասարանների աշակերտներին սկսեցին դասագրքերն անվճար տրամադրել: Մարզերում ու Երևանում 40 հազար երեխայի համար 390 նախակրթարան ստեղծվեց: 2010թ.-ից ներդրվեց «Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը»: Առողջ սննդից սկսեցին օգտվել որոշ մարզերի առաջինից չորրորդ դասարանցիները: 90 հազար երեխա պետական բյուջեի ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ դպրոցում անվճար սնունդ սկսեց ստանալ:

Աշխարհի լավագույն բուհերի տված գիտելիքների շտեմարաններին հաղորդակից լինելու համար լավագույն ուսանողները սկսեցին արտերկրում կրթություն ստանալ՝ առանց ֆինանսական որևէ բեռի: Այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց նաև «Լույս» հիմնադրամը: Սորբոնի համալսարանից մինչև Օքսֆորդ ու Քեմբրիջ. 2009թ.-ից մինչև այսօր 517 երիտասարդ է կրթություն ստացել աշխարհի 11 երկրի բուհերում: «Լույս» հիմնադրամը դարձավ հայ կամ ծագումով հայ 18-40 տարեկան շնորհալի երիտասարդների աջակից:

2008թ.-ին ստեղծվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման» ազգային կենտրոնը: Այն սկսեց վերահսկել Հայաստանի բուհերի հավատարմագրման գործընթացը միջազգային չափանիշներով: Ամերիկյան ու Հայ-ռուսական համալսարանները միջազգային հավատարմագրում ստացան, Երևանում բացվեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը: Կրթության որակից բացի կարևորվեց նաև հնարավորությունը: 2013թ.-ին «Կրթության հասանելիության ծրագիր» մշակվեց «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների համար: Սահմանվեց ուսման վարձի 50-100 տոկոս զեղչ: 2013թ.-ից մինչ օրս ծրագրից օգտվել է 10 000 ուսանող: Հայրենիքին ծառայած երիտասարդները նույնպես օգտվեցին արտոնությունից: Պետությունը 50 տոկոս ուսման վարձի զեղչ սահմանեց Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար: Հայաստանը 2015թ.-ին ստանձնեց Բոլոնիայի քարտուղարությունը և դարձավ առաջին երկիրը, որը չլինելով Եվրամիության անդամ, եվրոպական բարձրագույն կրթական տարածքը համակարգելու և նախարարական հաջորդ համաժողովը հյուրընկալելու պատվին արժանացավ:

Միջպետական համաձայնագրով 2008-2017թթ.-ին Հայաստանի 1625 քաղաքացի է սովորել արտերկրում, 35 երկրի 600 հայ ուսուցիչ էլ Հայաստան է եկել վերապատրաստման: 10 տարում հայաստանյան բուհեր ընդունված օտարերկրյա 6900 քաղաքացիներից 4000-ը սփյուռքահայեր են, որոնցից 600-ը անվճար է սովորել:   

Խրախուսվել են նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողները։ 2012թ.-ից 50 տոկոսով ավելացել են անվճար տեղերը: Ոլորտի զարգացմանը նպաստել է ոչ միայն պետությունը, այլև միջազգային դոնոր կազմակերպությունները: Գերմանիայի աջակցությամբ Հայաստանը 2012թ.-ից անդամակցել է «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպությանը: Եվրամիության բյուջետային աջակցությամբ հիմնադրվել է 12 տարածաշրջանային պետական քոլեջ: Մի շարք մասնագիտությունների համար դուալ համակարգ է ներդրվել՝ կրթություն և աշխատանք մեկ տեղում:

2008թ.-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհասփյուռ հայությանը կոչ արեց համախմբվել ու իրականացնել Մատենադարանի նոր շենքի կառուցման գաղափարը: 2011թ.-ին մեծ հանդիսավորությամբ հայկական երկու պետությունների նախագահների ներկայությամբ, հոգևոր երկու առաջնորդների օրհնությամբ տեղի ունեցավ նոր մասնաշենքի բացումը։  Մատենադարանի գլխավոր մասնաշենքից երեք անգամ մեծ նոր շենքում մատյանների նույնիսկ թվայնացված տարբերակները ստեղծվեցին: Դեռ 80-ականներին էին որոշել կառուցել այս շենքը, բայց նախագիծը թղթի վրա էր մնացել Սպիտակի երկրաշարժի պատճառով:

2008-2018թթ-ին ֆինանսավորվել են ավելի քան 50 գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ, որոնք ուղղվել են պաշտպանական խնդիրներին: 2011-2018թթ.-ին 96 հայտից ֆինանսավորվել է 42 ծրագիր: Գիտության մեջ երիտասարդ հետազոտողների ներկայությունը մեծացել է: 2008-2016 թթ.-ին գիտական կազմակերպությունների կողմից հրապարակվել է  շուրջ 71 500 գիտական հոդված, որոնցից 8 299-ը հեղինակավոր Web of Science-ում, 8 530-ը՝ Scopus-ում:

2013-2018-ականները նաև 16 գիտական կազմակերպության գիտական նոր սարքերով համալրման տարիներ էին: Բարձր արդյունավետությամբ գիտաշխատողներին 162 մլն. դրամ հավելավճար է տրամադրվել: Գիտության պետական կոմիտեն ֆինանսավորել է հարյուրավոր գիտաժողովներ, գիտական գործուղումներ, երիտասարդ գիտնականների ամառային դպրոցներ: Հորիզոն-2020-ի անդամ մեր երկիրն օգնել է գիտնականներին իրենց լավագույն արդյունքը հեշտ ու կարճ ճանապարհով ներկայացնել կարևոր հարթակներում:

Գիտական տասնամյակում տպավորիչ է նաև միջազգային նոր պայմանավորվածությունների թիվը: Ստորագրվել է 43 պայմանագիր ու հուշագիր, նաև տարեկան շուրջ 100 միջազգային համագործակցության ծրագիր է իրականացվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am