Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Բաբկեն Ներսիսյանի հոբելյանին Աբովյան փողոցում տեղադրվեց բազալտե հուշասյուն

Բաբկեն Ներսիսյանի հոբելյանին Աբովյան փողոցում տեղադրվեց բազալտե հուշասյուն

ԵՐԵՎԱՆ, 7, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանում` Աբովյան 21 հասցեում, կանգնեցվեց արտիստի բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 7-ին:

«Հատկանշական է, որ մայրության և գեղեցկության տոնին դերասանի հուշաքարն է բացվում. մարդ, որին պաշտում էին թատերասերները, սիրահարված էին բոլոր կանայք: Մեր քաղաքը հարստացավ նոր գույնով,  ներսիսյանական շնչով: Բաբկեն Ներսիսյանը դերասան էր, որն իր կերտած կերպարներով կարողացավ կյանքում նոր երևույթներ առաջ բերել: Կառանձնացնեմ նրա մարմնավորած Սայաթ-Նովայի կերպարը: Ներսիսյանի փայլուն խաղից հետո բոլոր նկարիչները, քանդակագործները, ձեռարվեստի վարպետները աշուղին պատկերում էին Բաբկեն Ներսիսյանի կերպարով: Մեծ արտիստը կարողացավ վերակենդանացնել մեր աշուղին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը ընդգծեց, որ Բաբկեն Ներսիսյանը 19 տարեկանում ապշեցրել է և’ թատերասերներին, և’ իր գործընկերներին: «Մենք կարծես քնած էինք, երբ եկավ  նա և  փոթորկի պես մտավ մեր բոլորի կյանք»,-ասաց Ղազանչյանը:

Ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը հիշեց, որ կարծես երեկ էր Ներսիսյանը քայլում այդ փողոցով, և ոչ ոք անտարբեր չէր անցնում նրա կողքով, բոլորը մոտենում էին, զրուցում հետը: «Նա մեծ արտիստ էր, որը կարողացավ ժամանակների ռեալիստական թատրոնի շունչը բերել, կապել իրար` ստեղծելով մի աշխարհ, որը կարելի է անվանել Բաբկեն Ներսիսյանի թատրոն: Նա  իր անմոռանալի կեցվածքով,  քաղաքացիական դիրքորոշմամբ, արիստոկրատ մարդու էությամբ և հրաշալի գեղարվեստական բույրով ներկայացրեց հայ մշակույթը, հայ թատրոնը և կարողացավ իր հետևից տանել և վարակել շատերին»,-շեշտեց Էլբակյանը:

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը պատմեց, որ ի սկզբանե նախատեսվել է հուշատախտակ բացել, բայց, քանի որ, Տիգրան Ներսիսյանի հետ դեռ հինգ տարի առաջ  մտադրվել էին հուշասյուն ստեղծել, դիմել են Երևանի քաղաքապետարանին և համաձայնություն ստացել: «Մեծ սիրով եմ մոտենում այս գործին: Մեր սերնդակիցները լավ են հիշում Բաբկեն Ներսիսյանին, ով իր ուրույն տեղն ուներ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան և այլ տաղանդների ծաղկաբույլում»,-նշեց նա:

Բաբկեն Ներսիսյանի որդի Տիգրան Ներսիսյանն ասաց, որ հորից հոգևոր կտակ է ստացել: «Այն փակցված է իմ սենյակում, իմ աչքի առաջ. թուղթ, որի վրա տասը տող է գրված: Հայրս այն գցել էր իր արխիվի մեջ հավանաբար մտածելով, որ եթե դա ինձ պետք լինի, ապա կգտնեմ:  Տողերից մի քանիսն են` վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես կցանկանաս քեզ հետ վարվեն, եղիր բարի, ճշմարիտ և ազնիվ, Հոն առաջ, նահանջելու տեղ չկա»,-եզրափակեց Ներսիսյանը:

Հուշասյան քանդակագործը Տիգրան Արզումանյանն է, ճարտարապետը Լևոն Իգիթյանը: Այն կանգնեցվել է «Բաբկեն Ներսիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917 թվականի հուլիսի 18-ին Թիֆլիսում:  17 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Հետո Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին  տեղափոխվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն: Թատրոնում  տարբեր ներկայացումներում մարմնավորել է Համբոյին, Պեպոյին, Քաջ Նազարին, Աբիսողոմ աղային, Արա Գեղեցիկին և այլ հետաքրքիր կերպարների:

1957 թվականից նկարահանվել է կինոյում:  Մարմնավորել է Սայաթ-Նովային, Բաբլոևին, Աբբաս Միրզային և այլոց: Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ