Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Խաչատրյանի 115-ամյակի կապակցությամբ Վալետայում կհնչեն նրա լավագույն գործերը

Արամ Խաչատրյանի 115-ամյակի կապակցությամբ Վալետայում կհնչեն նրա լավագույն 
գործերը

ԵՐԵՎԱՆ, 3, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Վալետայում ապրիլի 15-30-ը Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն, որի շրջանակում կիրականացվի համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի հոբելյանին: Այդ օրերին տեղի կունենա նաև Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է: Այս առիթվ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

«Նախկինում որպես պաշտոնական նվագախումբ հանդես ենք եկել իտալական «Մուզիկա ռիվա», Լիբանանում անցկացվող «Ալ Բուստան» փառատոններում: Այս տարի Մալթայի փառատոնն ամենասպասված և ամենամեծ երաժշտական միջոցառումն է Եվրոպայում: Այն հանգամանքը, որ հենց մենք ենք այդ իրադարձության պաշտոնական նվագախումբը, մեծ ձեռքբերում է մեզ համար»,- նշեց Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ համագործակցելու են ողջ աշխարհում լայն ճանաչում ունեցող դասական երաժշտարվեստի այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Սալվատորե Ակարդոն, Անդրեաս Օտենզամերը, Նիկոլայ Լուգանսկին, Ռեյ Չենը, Դենիս Կոժուխինը և այլք: Դիրիժորի խոսքով՝այս մեծագույն  նախագիծը  նվագախմբի համար առաջ գնալու լուրջ ազդակ է: Փառատոնի հյուրերն են լինելու Քշիշտոֆ Պենդերեցկին,  Գիա Կանչելին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնին 13 համերգ է ունենալու ինչպես Սերգեյ Սմբատյանի, այնպես էլ հայտնի դիրիժորներ Դմիտրի Սիտկովեցկու, Սերգեյ Ստադլերի ղեկավարությամբ:

Համերգները կանցկացվեն Վալետայի Mediterranean Conference Centre-ում: Այն Վալետայի հին և պատմական շենքերի մեջ կառուցված յուրահատուկ վայր է, որն ունի  հարուստ պատմություն, լավ մթնոլորտ, հրաշալի ակուստիկա:

«Ըստ իս՝ նման երաժիշտների հետ համագործակցությունը և այդ հետաքրքիր դահլիճում հանդես գալը մեր նվագախմբի համար շատ արդյունավետ կլինի: Մենք բավականին ծանրաբեռնված ենք աշխատելու. ամեն օր համերգային ծրագիր կա, բայց սիրով ենք անելու մեր գործը, քանի որ գիտակցում ենք, որ սա մեր 12-ամյա գործունեության ընթացքում իրականացվող ամենամեծ նախագիծն է, որում նվագախումբն ընդգրկված է: Նկատի ունեմ ոչ միայն դրա լայնամասշտաբ կտավը, այլև ձևաչափը, բազմազան ծրագրերը»,-խոստովանեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Փառատոնի ծրագրով կանցկացվեն առանձին համերգներ՝ նվիրված Պյոտր Չայկովսկուն, Սերգեյ Ռախմանինովին, Գիա Կանչելիին:

Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյանի 115-ամյակի կապակցությամբ իրականացվելիք համերգին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեցնի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Գայանե» բալետից, «Դիմակահանդես» սյուիտը:

«Այդ օրերին փառատոնը կլուսաբանեն աշխարհի առաջատար մեդիաընկերություններ: Մեր համերգները կհեռարձակվեն ապրիլի 22-23-ին «Medici.tv»-ով, իսկ մնացյալ ծրագրերը կցուցադրվեն Մալթայի հանրային հեռուստատեսությամբ: Մայիսի 1-ի համերգը կհեռարձակի Euronews ալիքը։ Միջազգային մեդիան լայնորեն լուսաբանելու է փառատոնը և մեր համերգները»,- ասաց նա:

Սմբատյանն ավելի քան վստահ է, որ նվագախումբը հետաքրքիր և լավ առաջարկներ կստանա փառատոնից հետո, իսկ երբ վերադառնա հայրենիք, կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին՝ որպես պաշտոնական նվագախումբ: Այնուհետև կսկսի նոր համերգաշրջանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am