Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Նոյեմբեր

Սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են. Լիբանանի բանակի հայազգի գեներալն իր անցած ուղու, հայկական բանակի մասին

Սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են. Լիբանանի բանակի հայազգի 
գեներալն իր անցած ուղու, հայկական բանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի բանակի գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Փանոս Մանջյանը ռազմական ոլորտում իր առաջին քայլերն սկսել է 1972 թվականին, երբ ընդունվեց ռազմական հաստատություն: Այս ոլորտն ընտրելու գործում Փանոս Մանջյանի համար գլխավոր ոգեշնչողը հայրն էր: Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից, պատերազմների միջով անցել է Փանոս Մանջյանի հայրը, պապը: Հայրը սկզբում ֆրանսիական բանակի զինվորական է եղել, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լիբանան և այնտեղ է շարունակել իր գործունեությունը:

«Այս աշխատանքում ինձ համար գլխավոր ոգեշնչողը հայրս է եղել: Իր գաղափարներով, մոտեցումներով նա ինձ համար եղել է օրինակ:  Երբ պետք է որոշում կայացնեի կրթությունս շարունակելու վերաբերյալ, ճիշտն ասած, այդ տարիներին փոքր-ինչ դրամական անկարողություն կար, և կդժվարանայի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, ու քանի որ մտքիցս դուրս չէր գալիս զինվորականությունը, որոշեցի դիմել զինվորական քոլեջ: Եվ այդպես սկսվեց իմ զինվորական կյանքը»,- «Արմենպրես» -ի հետ զրույցում պատմում է Փանոս Մանջյանը:

Ռազմական ոլորտում աշխատելը լի է եղել բազմաթիվ դժվարություններով: Աշխատանքային գործունեության ընթացքում տարատեսակ բարդությունների, խնդիրների առաջ կանգնել, սակայն ամեն օր, վստահ լինելով իր ուժերի վրա, շարունակել է զինվորական աշխատանքը՝ հաղթահարելով խոչընդոտները:

Նա ընդգծում է, որ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, հասել է բարձր դիրքի, սակայն միշտ ձգտել է լինել գրասենյակից դուրս: Գործնական աշխատանք զինվորականների հետ՝ դա է եղել Փանոս Մանջյանի ընտրությունը:

«Միայն վերջին հինգ տարին եմ գրասենյակային աշխատանք կատարում: Ամբողջ կյանքում նախընտրել եմ լինել առաջնագծերում, զինվորների կողքին: Ինչպես գիտեք, Լիբանանը ներքին խնդիրներ է ունեցել, պատերազմական վիճակի մեջ է եղել, միշտ ձգտել եմ լինել ռազմական խմբերում: Զինվորների կողքին եմ եղել, նրանց հետ դիմակայել ցանկացած դժվարությունների, միասին ճաշել: Իմ ենթակայության տակ բազմաթիվ զինվորներ եմ ունեցել, երբ նրանցից 10-ին կամ 20-ին որևէ հանձնարարության էի ուղարկում, ամեն րոպե կապի մեջ էի լինում, որ նախ հանձնարարությունը հաջող կատարվի, երկրորդն էլ՝ անվտանգ վերադառնան»,-ասաց Փանոս Մանջյանը:

Զինվորական կյանքում դրվագները բազմաթիվ են, Փանոս Մանջյանը դրանք մեկ առ մեկ հիշելու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև դրանք դիտարկում է մեկ ամբողջության մեջ՝ զինվորական կյանքի, սակայն առանձնացնում է մի կարևոր պահ: Աշխատանքի բերումով ընտանիքից հեռու է եղել: Չի կարողացել լինել կնոջ ու երեխաների կողքին:

«Գիտեք, այնքան դժվար ժամանակներ են եղել, որ երբ ինչ-որ պահի կարողանում էինք տուն գալ, դա մեզ համար մեծ ուրախություն էր: Ժամանակներ են եղել, երբ 10 ամսով կամ մեկ տարով տուն չեմ եկել: Երբ կինս ծննդաբերում էր, ես չեմ կարողացել ներկա լինել ծառայության պատճառով: Շատ ժամանակ չեմ ունեցել ընտանիքիս հետ անցկացնելու: Հիմա փորձում եմ այդ պակասը լրացնել թոռնիկներիս միջոցով»,-նշեց Փանոս Մանջյանը:

Չնայած դժվարություններին, Փանոս Մանջյանն ընդգծում է, որ սիրով է արել իր աշխատանքը: Նա պարբերաբար աշխատել է իր վրա, զարգացրել իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները, մեկնել վերապատրաստվելու տարբեր երկրներ: Եվ այդ ամենն աննկատ չի մնացել, Լիբանանի իշխանությունները, գնահատելով նրա անձնուրաց աշխատանքը, նպաստել են ոլորտում նրա առաջընթացին: Փանոս Մանջյանը ստացել է գեներալի կոչում, գեներալի աստիճանով ծառայել է 9.5 տարի:

Իր հաջողություններին զուգահեռ կապը Հայրենիքի հետ չի կտրվել: Վերջին տարիներին հաճախ է այցելում Հայաստան:

«Առիթ ունեցել եմ ծանոթանալու Հայաստանի Զինված ուժերի աշխատանքին, հպարտությամբ կարող եմ ասել, որ սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են, նրանք բազմիցս ապացուցել են, որ լիովին պատրաստված են, ունեն բավական կամք ու ուժ հակառակորդին արժանի պատասխան տալու: Պետք է ընդգծել նաև մեր զինվորների հնարամտությունը, որ կարելի է ասել ոչնչից կարող են կարևոր բան ստեղծել»,-ասաց Փանոս Մանջյանը:

Վերջին 12 տարվա ընթացքում Փանոս Մանջյանը մի քանի անգամ է եղել Հայաստանում: Նրա խոսքով, ամեն անգամ գալով Հայաստան, մեծ փոփոխություններ է նկատում:

«Այդ փոփոխություններն ակնհայտ են ժողովրդի մտայնության մեջ, քաղաքում: Բարգավաճումը տեսանելի է, սակայն պետք է ավելին արվի, աշխատատեղերը շատ լինեն, որ երիտասարդությունն ակտիվորեն ընդգրկվի տարբեր աշխատանքներում՝ նպաստելով պետության զարգացմանը»,-հավելեց Լիբանանի բանակի հայազգի գեներալը: 

Աննա Գզիրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ