Հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ամրապնդվելու է. Նախագահը Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Բնության վերազարթոնքի, սիրո և պտղաբերության այս տոնը թող նոր և երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն և լիություն բերի ձեր ընտանիքներին:
Համոզված եմ, որ հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու և ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների և կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ և անամպ երկինք:
Շնորհավոր Հաբ-Նիսան»,- նշված է ՀՀ Նախագահի ուղերձում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում