Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Տեղական և տարածաշրջանային կինոյի զարգացման համար նոր հեռանկարներ կբացի GAIFF Pro հարթակը

Տեղական և տարածաշրջանային կինոյի զարգացման համար նոր հեռանկարներ կբացի 
GAIFF Pro հարթակը

ԵՐԵՎԱՆ, 27, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում առաջին անգամ ձևավորվելու է համատեղ կինոարտադրության GAIFF Pro նորարարական հարթակ և կինոշուկա՝ կինոարտադրողների համար ստեղծելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ: Ողջ տարվա ընթացքում գործող նախագծի շրջանակում կկազմակերպվեն տարածաշրջանային կինոշուկաներ, դասընթացներ, վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ: Հարթակի հիմնական ծրագրերի մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրի նախաձեռնողները:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասաց, որ կինոփառատոնի վերջին տասը տարվա զարգացումները ցույց են տալիս, որ այսօրվա փառատոնը առանց նմանատիպ նախաձեռնությունների, հարթակների արդիական չէ, քանի որ փառատոնի նպատակը ոչ միայն լավագույն կինոժապավենները Հայաստան բերելը, դրանք արվեստասերներին ներկայացնելն է, այլև տեղական կինոարտադրությանը խթանելն է: «Կարծում եմ` ժամանակակից կինոն համատեղ արտադրությունն է: «Ոսկե ծիրան»-ին կից նման հարթակ ունենալը հրաշալի է: Սա կնպաստի տեղական ֆիլմերի, ստեղծարար բիզնեսի զարգացմանը և տարածաշրջանում Հայաստանը կդարձնի կենտրոն, ուր կձգտեն գալ պրոդյուսերներ, կինոյի ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Հարությունյանը:

 GAIFF Pro հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանը, անդրադառնալով հարթակի ֆինանսական կողմին, ընդգծեց, որ ծրագիրը նախագծելիս ի սկզբանե հասկացել են, որ այն ծախսատար է:  «Գաղափարն արժանի է նրան, որ թակենք դռները, գումար գտնենք դրա իրականացման, ինչպես նաև դրա գոյությունը շարունակելու համար:

Այդ իսկ պատճառով ծրագիրը բաժանել ենք մի քանի մասի, և ամեն հատված իր առանձին բյուջեն ունի, իրագործման ձևը»,-պարզաբանեց Կարապետյանը:

Նա շեշտեց, որ, խոսելով ծրագրի մասին, նախևառաջ անդրադառնում է  նախագծերի, հետարտադրական  գործընթացում գտնվող ֆիլմերի շուկայի մասին: Պատրաստի ֆիլմերի շուկան բոլորովին այլ բան է, որն իրականացնում են մեծ փառատոները: Գաղափարը ներկայացրել են Ռոտերդամի կինոփառատոնում և հարթակի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է:

 GAIFF Pro-ի հիմնական ծրագրերից է C2C տարածաշրջանային համատեղ կինոարտադրության հարթակը: Փոքր Կովկասի, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային կինոշուկա է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագիծը, ներկայացնել այն կինոարտադրության հավատարմագրված միջազգային մասնագետներին` խթանելով համագործակցության տեղական և միջազգային կինոարտադրողների միջև: C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից` լիամետրաժ կինոնախագծերի շուկա, աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա և C2C կինոցուցադրություն:

ՍինեՄիտք (CineThink)-ը ողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է զարգացնել Հայաստանի կինոարտադրությունը: Այն յուրօրինակ համագործակցություն է GAIFF Pro-ի և Think դասընթացների ծրագրի միջև: Տասը մասից բաղկացած կուրսը նախատեսված է տասը կինոռեժիսորի/սցենարիստի համար, ովքեր փորձում են իրականացնել իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմը:

Հայացք (In Focus)-ն է, որն այս տարի անդրադառնում է ԱՊՀ երկրներին` կազմակերպելով կլոր սեղան քննարկումներ և ֆիլմերի ցուցադրություններ հրավիրյալ կինոգործիչների և կինոարտադրող ստուդիաների ներկայացուցիչների հետ: Նպատակը տարածաշրջանային համագործակցությունների հեռանկարները գնահատելն է:

ԿինոԴարանը նպատակ ունի ծրագրեր իրականացնել հայկական և տարածաշրջանային կինոնկարների, մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և տարածման ուղղությամբ:

Համատեղ GAIFF Pro-ն համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կառույցների հետ` տեղացի կինոարտադրողներին հնարավորություն ընձեռելով մասնակցել համագործակցության հարթակների և զարգացնել սեփական կինոնախագծերը:

Հայաստան Թուրքիա կինոհարթակ (ATCP): Սկզբնավորման օրից դրա շրջանակում 23 կարճամետրաժ և վավերագրական կինոնախագիծ է իրականացվել, ինչպես նաև պատրաստվել և ներկայացվել է առաջին հայ-թուրքական կինոալմանախը:

Եվրասիա Դոկը Ֆրանսիայում գործող վավերագրական ֆիլմերի աջակցության կազմակերպություն է, որը եզակի հնարավորություն է տալիս վավերագրական նախագծերի վրա աշխատող կինոռեժիսորներին մասնակցել համատեղ արտադրության հանդիպումների և զարգացնել սեփական կինոնախագծերը:

Հավատարմագրում. 2018 «Ոսկե ծիրան»-ը ներկայացնում է հավատարմագրումների տրամադրման նոր համակարգ, որը հնարավորություն կտա կինոյի մասնագետներին, հյուրերին և մասնակիցներին ներկա գտնվել մասնագիտական հարթակի և փառատոնի միջոցառումներին, այդ թվում C2C տարածաշրջանային կինոշուկային և ցուցադրություններին: Այս տարի համակարգը անվճար կգործի, բայց հետագայում հավատարմագրումները  կլինեն վճարովի ըստ փառատոնային GAIFF Pro արտադրության միջոցներին:

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]