Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցերը լուրջ փոփոխության կարիք ունեն. «Փյունիկ» միության նախագահ

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցերը լուրջ փոփոխության կարիք 
ունեն. «Փյունիկ» միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրությունը Հայաստանում փոփոխությունների կարիք ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։ Մարտի 28-ին այդ հարցերը քննարկելու համար տարբեր շահագրգիռ և հասարակական կազմակերպությունների միջև քննարկում է լինելու։

Նրա խոսքով՝ 2010 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի» տակ ստորագրելը իրենից ենթադրում է ամբողջ օրենսդրության համապատասխանեցում կոնվենցիայի դրույթներին։ Աբրահամյանի պնդմամբ, աշխատանք շատ կա, և խոսքը միայն հաշմանդամություն ունեցող անձանց մասին չէ, այլ նաև պետք է հարմարեցվի կոնվենցիային։

Կոնվենցիայի ամենաակնառու դրույթներից նա առանձնացրեց մարզական ոլորտը և պարզաբանեց, որ այն դպրոցներում, որտեղ իրականացվում է ներառական կրթություն՝ շատ վատ վիճակում են գտնվում մարզադահլիճները։

«Այն դպրոցներում, որտեղ ներառական կրթություն է իրականացվում՝ մենք մոնիտորինգ ենք արել և պարզել, որ սպորտային դահլիճները ահավոր վիճակում են։ Մինչև բոլորովին վերջերս հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզկուլտուրայի դասերը ազատ ժամեր են եղել, բայց, կարծում եմ, որ պետք է հակառակը լիներ։ Այդ երեխաների համար համապատասխան մասնագետների հետ հատուկ ֆիզիկական ակտիվության դասեր պետք է կազմակերպել։ Կոնվենցիան այս հարցով պաշտպանում է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները և պարտադրում, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների համար»,- շեշտեց «Փյունիկ» միության նախագահը։

Հակոբ Աբրահամյանի դիտարկմամբ, Երևանի մոտ երեսուն մարզադպրոցում մոնիտորինգ անելուց հետո պարզել են, որ դրանցում նույնպես ամեն ինչ ահավոր վիճակում է։

«Որևէ հաշմանդամություն ունեցող անձ, եթե որոշի ինչ-որ մի սպորտով զբաղվել, չի կարողանա։ Մենք … դիմել ենք Երևանի քաղաքապետարան և ասել էինք, որ Երևանում ապրող երեխաների համար սպորտով զբաղվելու պայմաններ չկան։ Մենք առաջարկել ենք հաշմանդամների «Փյունիկ» միության շենքում, որտեղ բավականին տարածք ունենք, մի հատվածը կազմակերպել և դարձնել մարզադպրոց, և երեխաները, ցանկության դեպքում, կարողանան 7 մարզաձևով զբաղվել այնտեղ։ Մինչ այսօր այդ հարցը քննարկման մեջ է։ Մենք պատրաստ ենք շենքի մի մասի համար ներդրում կատարել, այնտեղ անհրաժեշտ է մոտ 25 մլն դրամ ներդրում անել»,- ընդգծեց Հակոբ Աբրահամյանը։

Ի պատասխան այն հարցին, թե Կառավարության ներկայացրած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2018-2021 թվականների ծրագրով, արդյոք, լուծվելո՞ւ են հաշմանդամություն ունեցողների խնդիրները, Աբրահամյանը նկատեց, որ Կառավարությունն իր այս ծրագրում մեծ տեղ է հատկացնում այն միջոցառումներին, որոնք լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջում։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների հնարավոր չէ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրել հասարակությանը»,- ասաց Հակոբ Աբրահամյանը։

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ օրենքով նախատեսված կետերը չպահպանողին միայն տուգանքների միջոցով կարելի է պարտադրել դրանք կիրառել, ինչպես արվում է աշխարհի զարգացած երկրներում։    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am