Մարտի 24-ին Իրաքի տարածքից Հայաստան ուժեղ տաք օդի ալիք կներթափանցի
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Մարտի 24-ին Իրաքի տարածքից Հայաստան տաք օդի ալիք կներթափանցի, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` հանրապետությունում սպասվում են տեղումներ վաղը ուշ երեկոյան: «Տեղումները կշարունակվեն նաեւ մարտի 25-ին: Մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ եւս տեղումներ են սպասվում»,-հավելեց նա:
Չնայած հանգստյան օրերին Հանրապետությունում սպասվող ուժգին քամիներին, Սյունիքի հովտային գոտում, Մեղրիում, Ղափանում Ագարակում եւ հարակից բնակավայրերում ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչեւ 31-33 աստիճանի: Արարատյան դաշտում` 26-28 աստիճանի , Տավուշի հովտային գոտում` մինչեւ 28 աստիճանի:
«Հանրապետության լեռնային շրջաններում ցերեկը ջերմաչափը ցույց կտա 20 աստիճան: Մարտի 25-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, բայց մարտի 27-ից, հարավային տաք օդային հոսանքներով պայմանավորված, ջերմաստիճանը կբարձրանա: Մարտի 27-ին եւ 28-ին եւս կլինի շատ բարձր ջերմաստիճան»,-հավելեց Գագիկ Սուրենյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում