Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորները պնդում են ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունքը վերապահել ընդդիմությանը

Պատգամավորները պնդում են ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու 
իրավունքը վերապահել ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելը ընդդիմությանը վերապահելու ՀՅԴ առաջարկը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ ծառայեց:

Ազգային ժողովում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, թե ՀՅԴ-ն առաջարկել է օրենքով սահմանել, որ հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունքը վերապահվելու է ընդդիմությանը, սակայն շեշտեց, որ առաջարկն ընդունելի չէ: «Մենք քննարկել ենք այս հարցը և եկել ենք եզրահանգման, որ նման կարգավորումը նպատակահարմար չէ, քանի որ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն կարող է իր գործունեության ընթացքում քաղաքական շահեր պաշտպանել, իսկ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է: Դրա համար մենք որոշել ենք անփոփոխ թողնել կարգավորումը, որ հանձնաժողովի բոլոր անդամների թեկնածությունն առաջադրելու է հանրապետության վարչապետը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շաբոյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթում շեշտեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործող նախագահը պնդում է, որ կուսակցական լինելը հանձնաժողովի անդամին կկաշկանդի, և նա կսկսի կատարել իր կուսակցության պատվերները: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկու ամիս առաջ հակակոռուպցիոն փաթեթ դրեց շրջանառության մեջ, որը մերժվեց: Մենք առաջարկում էինք ապակուսակցականացնել հանձնաժողովը և պնդում էինք, որ քանի որ Արտակ Շաբոյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, նա չի կարող հետապնդել այդ կուսակցության անդամներին տնտեսական մրցակցության լույսի ներքո և մրցակցությունը պաշտպանել: Հիմա Արտակ Շաբոյանը այստեղ հայտարարում է, թե անընդունելի է, որ ընդդիմությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունք ունենա: Մեր խմբակցության պատգամավոր պարոն Արամ Սարգսյանն առաջարկում է կողմ քվեարկել այս նախագծին, և մենք կարող ենք կողմ քվեարկել, սակայն նոր հանձնաժողովում, պարոն Շաբոյան, դուք չպետք է լինեք՝ այս ամբիոնից ձեր իրականացրած պնդումների հիման վրա՝ չնայած, որ այդ պնդումներն այնքան էլ իրատեսական չեն: Խորհրդարանում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի անդամ, մարդու իրավունքների պաշտպան, Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ: Այսինքն, ըստ ձեր պնդումների, այս բոլոր մարդիկ կաշկանդվա՞ծ են: Սա աբսուրդ է»,- եզրափակեց Մարուքյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի նախագծում առկա կարգավորումները դրական են, սակայն հավելեց, որ ՀՅԴ-ն մշտապես կարևորել է ընդդիմության դերակատարությունը, նրա հակակշռող դերի ավելացումը: «Մենք ընդամենը առաջարկել էինք, որ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի 6 անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունք ունենա խորհրդարանական ընդդիմությունը: Երկու կողմից էլ այս հարցը կա: Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցականը չի կարող անկախ լինել իր լիազորությունների իրականացման շրջանակում: Մենք ընդամենը օրեր առաջ այստեղ ընտրել ենք Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որը մի քանի ամիս առաջ մի դաշինքի ամենաակտիվ քարոզիչներից մեկն էր: Մենք ընդամենը առաջարկում ենք մեր Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան ավելի թափանցիկ և վստահություն ներշնչող հանձնաժողովի կազմ ունենալ, և ես կարծում եմ, որ այս հարցում կառավարության մոտեցումը լավագույնը չէ: Մեր խմբակցությունն այս օրենքի նախագծին ձեռնպահ է քվեարկելու»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը:

Եզրափակիչ ելույթում Արտակ Շաբոյանն, այնուամենայնիվ, առաջարկեց նախագիծը քվեարկության դնելիս հանձնաժողովի անդամների ընտրության կարգի վերաբերյալ  պահպանել կառավարության առաջարկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am