Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շոու բիզնեսի ներկայացուցիչները կիսվում են տպավորություններով Սեւակ Խանաղյանի «Քամի» տեսահոլովակի մասին

 Շոու բիզնեսի ներկայացուցիչները կիսվում են տպավորություններով Սեւակ 
Խանաղյանի «Քամի» տեսահոլովակի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի տեսահոլովակի պրեմիերայից հետո համացանցում լայն քննարկում է սկսվել: Տեսահոլովակի մասին հնչել են եւ դրական, եւ բացասական կարծիքներ: «Արմենպրես լայֆ»-ը հայ հայտնիներից կարծիքներ է հարցրել «Քամի» երգի, տեսահոլովակի եւ եվրատեսիլյան անցուդարձի վերաբերյալ: Զրուցել ենք հաղորդավար Լուսինե Բադալյանի, երգիչ Էրիկի, Գրիգոր Կյոկչանի,  երգչուհի Սիլվա Հակոբյանի եւ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ:

Լուսինե Բադալյան. «Ինձ դուր է գալիս եւ երգը, եւ տեսահոլովակը: Տեսահոլովակը համապատասխանում է երգին: Շատ պարզ, ոչ մի ավելորդություններ չկան: «Եվրատեսիլի» առումով կդժվարանամ ինչ-որ կանխատեսումներ անել, քանի որ մնացած մասնակիցների կատարումները չեմ լսել: Ես սուբյեկտիվ մոտեցում ունեմ եւ չեմ սիրում, որ երգն անգլերեն չի լինում: Քանի որ ինձ հաճելի չէ լսել սերբերեն կամ էստոներեն: Ինձ դուր չի գալիս, երբ երգը չեմ հասկանում եւ իմ ականջի համար այդքան էլ հաճելի չէ: Միայն իտալերեն, ֆրանսերեն երգերի դեպքում եմ հաճույքով լսում: Սա շատ խիստ անձնական կարծիք է: Շատ դեպքերում ամեն ինչ կախված է մրցակցությունից: Լինում են տարիներ, որ երգերն այդքան էլ լավը չեն լինում, եւ հազիվ ես գտնում մեկ կամ երկու կատարում: Բայց լինում են տարիներ` ինչպես անցած կամ նախանցած տարի, որ մրցակցող երգեր են լինում, իսկ  մրցակցությունը` թեժ»:

Էրիկ. «Եվրատեսիլյան անցուդարձին ամեն տարի հետեւել եմ: Այս տարի դեռ չեմ հասցրել հետաքրքրվել, թե ինչ երգեր կան: Միայն Սեւակի կատարումն եմ լսել: Կարծում եմ մենք այս տարի էլ պատվով կներկայացնենք: Քանի որ «Եվրատեսիլի» բեմում Հայաստանը կներկայացնի շատ լավ, տաղանդավոր արտիստ Սեւակ Խանաղյանը: Ճիշտ է, նա նոր է մեր երկրում գործունեություն ծավալում, բայց արդեն հասցրել է սիրվել: Կարծում եմ` ոչ լեզուն, ոչ խոսքն այս մրցույթում կապ չունեն: Տարիները ցույց են տվել, որ երբեմն հաղթում են այնպիսի երգեր, որոնք անգլերեն չեն: Օրինակ` անցած տարվա Պորտուգալիայի ներկայացուցչի երգը: Այս դեպքում շարժիչ ուժը երաժշտությունն է: Շատ ավելի հաճելի է, որ բոլորը հասկանան` ինչի մասին ես երգում, բայց լեզուն այդքան էլ էական չէ: Հայաստանն առաջին անգամ է հայերեն երգով ներկայանալու` միգուցե այն ավելի հետաքրքիր լինի եվրոպացու համար: Անկեղծ ասած` չեմ կարող կանխատեսել, թե ինչ արձագանք կստանա երգը: Սեւակին հաջողություն եմ մաղթում: Ցանկանում եմ՝ նա լավ հորիզոնական զբաղեցնի: Ամենակարեւորը` մենք այստեղ` Հայաստանում նրան բարձրացնենք` անկախ ամեն ինչից: Տեսահոլովակը դիտել եմ: Ինձ շատ է դուր եկել: Ավելորդ խանգարող ոչինչ չկա: Տեսահոլովակում կա ժամանակակից մոտեցում, մինիմալիզմ: Պետք է տեսահոլովակը երգին չխանգարի եւ չբարդացնի: Այս դեպքում շատ ճիշտ մոտեցում է տվել ռեժիսորը»:

Սիլվա Հակոբյան. «Թե երգը, եւ թե տեսահոլովակը շատ եմ հավանել: Այն մարդն է նկարել, ում հետ ես ինքս աշխատել եմ: Արթուրը շատ ճաշակով է: Նա իր գործի գիտակն է: Իսկ Սեւակին հաջողություն եմ մաղթում: Տա Աստված, որ հաղթանակ բերի: Լավ մասնակից է, լավ ձայն ունի: Մյուս մասնակիցներին դեռ չեմ լսել»:

Գրիգոր Կյոկչյան. «Տեսահոլովակը դեռ չեմ հասցրել դիտել, բայց քանի որ այն նկարել է իմ լավագույն ընկերներից Արթուր Մանուկյանը, վստահ եմ` շատ լավը կլինի: Իսկ ինչ վերաբերվում է Սեւակին հաջողություն  եմ մաղթում ու վստահ եմ, որ այն նպատակը, որ իր առջեւ դրել է՝ կկտարի: Շնորհավորում եմ իմ ընկերներին: Հուսով եմ Եվրոպան լավագույնս կգնահատի նրանց աշխատանքը: Մյուս մասնակիցների կատարումները լսել եմ: Իմ ֆավորիտներ են Չեխիայի եւ Շվեդիայի մասնակիցները, բայց կարծում եմ կհաղթի Իսրայելը»:

Արամայիս  Հայրապետյան. «Երգին համահունչ ամեն ինչ գեղեցիկ էր արվել: Չգիտեմ, թե շատերն ինչու են դժգոհում եւ վատաբանում: Չեմ պատկերացնում, թե մարդիկ ինչ էին սպասում: Իմ կարծիքով, ամեն ինչ նորաձեւ եւ ժամանակակից մոտեցումներով էր պատրաստված: Ինչ վերաբերվում է երգին, երբ առաջին անգամ լսեցի նախքան «Դեպի Եվատեսիլ»-ը ինձ դուր եկավ: Եվ քանի որ մեզ էր վստահված «Դեպի եվրատեսիլ»-ում Սեւակի ելույթի բեմականացումը փորձեցինք էկրանավորված տարբերակով հետաքրքիր լուծումներ տալ: Այ, թե ինչպես կընդունի Եվրոպան եւ ինչ արձագանքներ կստանա եվրոպացիների կողմից, կդժվարանամ ասել»:

Մելինե Տոնոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am