Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Չինաստանը Հայաստանին կտրամադրի շտապօգնության 200 մեքենա


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ-ում Չինաստանի առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուանգ Շիցայն այսօր ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի իրականացման մասին» տեխնիկական համաձայնագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը հստակեցրել են շտապօգնության մեքենաների անհատույց տրամադրման ծրագրի ժամանակացույցը, ըստ որի` համաձայնագիրը ստորագրելուց հետո 110 օրվա ընթացքում Հայաստան կհասցվի շտապօգնության 200 մեքենան:

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և  «China National Township Enterprises Corporation» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Յան Ջինմինի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը առողջապահության ոլորտին  շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ տրամադրելու պատրաստակամության համար։  Նա ընդգծել է, որ դրա արդյունքում զգալիորեն կբարելավվի շտապօգնության ծառայությունը։

Ծրագիրն իրականացվում է 2017թ. մայիսի 12-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրի արդյունավետ  համագործակցության ընդլայնումը։

Դեսպանն ընդգծել է, որ թեև Չինաստանն անհամեմատ մեծ է տարածքով և բնակչության թվով, սակայն առողջապահական խնդիրները նման են։ Այժմ Չինաստանում ևս, կարևորելով հիվանդությունների կանխարգելումը, պայքար է գնում ծխելու դեմ։ Ողջունելով Հայաստանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը` Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանի քաղաքներում հասարակական վայրերում ծխելն արգելված է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս։  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ