Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Շնորհավորելով Պուտինին՝ Թրամփը ցույց տվեց, որ ընդունում է Ղրիմում նրա լեգիտիմ նախագահ լինելը. Ալեն Ղեւոնդյան


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, շնորհավորելով մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինին, ցույց է տվել, որ ընդունում է գործընկերոջը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ այժմ ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր շրջան է սկսվում:

«2014 թվականից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին  համապատասխան իրավական գործընթացի արդյունքում, ընդհանուր առմամբ, արտաքին աշխարհի՝ հատկապես եվրոպական եւ ամերիկյան հարթակներում Ռուսաստանի նման քայլը սուր քննադատության արժանացավ: Դա ազդեց քաղաքական հարաբերությունների որակի, խորության վրա, եւ Ռուսաստանի  մեկուսացված  քաղաքականության հերթական փուլի մեկնարկը տվեց: Թրամփի հաճախ անկանխատեսելի քաղաքական  օրակարգը նաեւ երբեմն անակնկալներ է ստեղծում նրա եվրոպական դաշնակիցների համար: Հենց ընտրություններից հետո նմանօրինակ շնորհավորանքը հետաքրքիր մեսիջ էր սեփական գործընկերների համար: Հավանաբար, ոչ մեկն էլ չէր մտածում, որ այսքան վաղ շնորհավորանքի ականատես կլինեն, որովհետեւ մի կողմից չի ընդունվում Ղրիմի խնդրի ռուսական լուծման տարբերակը, եւ չեն համարում Ղրիմը Ռուսաստանի  մաս, իսկ ռուսներն անցկացնում են նախագահական ընտրություններ, որոնք իրավական եւ քաղաքական  պարտադիր գործընթաց են»,- ասաց քաղաքագետը եւ հավելեց, որ այս ամենից ելնելով՝ պետք է արձանագրել, որ շնորհավորելով Ռուսաստանի նախագահին՝ Թրամփը ընդունում է Ղրիմի՝ Ռուսաստանի մաս լինելու, հետեւաբար Պուտինի՝  այդ մասում  լեգիտիմ նախագահ լինելու հանգամանքը:

Նրա դիտարկմամբ՝ սա դրական քայլ է Ռուսաստանի շահերի տեսանկյունից, քանի որ եթե հետագայում ինչ-ինչ քննադատություններ հնչեն, Ռուսաստանը այս հարցի մասով կունենա հակափաստարկ:

«Փաստն այն է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները տեղափոխվում են նոր հարթակ: Գիտենք, որ նախկինում դրանք, մեղմ ասած, լարված էին, բավականին սուր դրսեւորումներով, նաեւ տնտեսական պատերազմներով, պատժամիջոցներով, որոնք նաեւ իրավական,  վարչական բնույթ կրեցին Ռուսաստանի համար, եւ այդ  ամենի պարագայում Ռուսաստանի քաղաքացիները որոշեցին, որ ընտրելու են այն մարդուն, ում քաղաքականության հետ կապված  այդպիսի  արձագանքներ կային արտաքին աշխարհում: Դրանք ավելի շուտ քաղաքակրթական ընտրություններ էին»,-ընդգծեց Ալեն Ղեւոնդյանը:

Նրա կարծիքով՝ որեւէ արագ փոփոխության սպասել պետք չէ, քանի որ Ամերիկան միայն Թրամփը չէ. այն քաղաքական  բավականին լայն էլիտա է ենթադրում, որի շահերը նաեւ մրցակցային են հենց երկրի ներսում:

«Այնպես չէ, որ Թրամփը ինչ ցանկանում է, դա կարող է թույլ տալ, իսկ ինչ վերաբերում է  Ռուսաստանին,  իհարկե այն կցանկանա,  որ հարաբերութունները փոփոխություն կրեն: Նրա համար, թերեւս, ծանր է թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով, բայց  Ռուսաստանը նաեւ պատրաստ է հրապարակային «ուժեղի» դիրքերից գնալ այդ փոխզիջմանը»,-եզրափակեց Ալեն Ղեւոնդյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում  շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:  Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 21-ին ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ և ՌԴ նախագահները համաձայնել են կազմակերպել գագաթնաժողով՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ