Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մարտի 15-ից 18-ը տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն և տարբեր լեզուներով թարգմանություններով:

Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը առանձնազրույցներ ունեցավ Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի, ինչպես նաև տարբեր խոշոր հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ Հայաստանում գերմաներենի առավել լայն տարածման, գերմաներեն լեզվով հայ գրականությունն ընթերցողին հասանելի դարձնելու հարցերում: Գոհունակությամբ արձանագրելով Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու պատրաստակամությունը՝ կողմերն այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ:

Ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է ավելի քան 3000 տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am