Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Թուրքիայի նախագահն ակնհայտորեն խախտում է Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը և շարունակում սպառնալ Աֆրինին


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով ՄԱԿ ԱԽ կողմից Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը, բացահայտ կերպով սպառնացել է բռնազավթել սիրիական Աֆրինը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Էրդողանը «հույս է հայտնել» , որ սիրիական Աֆրինը մինչև մարտի 14-ի երեկո ամբողջությամբ կանցնի թուրքական զորքերի վերահսկողության ներքո:

«Հույս ունեմ, որ մինչև այսօր երեկո Աֆրինը կընկնի»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան ՄԱԿ ԱԽ բանաձևը խախտում է ամբողջությամբ, քանի որ բանաձևի համաձայն` զինադադարը չի տարածվում միայն «Իսլամական պետության» և նրա հետ կապ ունեցող խմբավորումների դեմ գործողությունների վրա, իսկ «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում  Թուրքիայի թիրախում ոչ թե ԻՊ ահաբեկիչներն են, այլ Սիրիայի քրդերը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին ընդունել է բանաձեւ, որը Սիրիայում հակամարտող կողմերից պահանջում է առնվազն 30 օրով դադարեցնել ռազմական գործողությունները: Բանաձեւում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պահանջել է, որ «բոլոր կողմերը անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները» և խոստանան Սիրիայի ողջ տարածքում առնվազն 30 օրվա ընթացքում «մարդասիրական դադար պահպանել»: Համաձայն բանաձեւի՝ զինադադարը չի տարածվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների վրա:

Թուրքիան սիրիական Աֆրինում գործողություններ է իրականացնում ոչ թե ԻՊ-ի, այլ սիրիայի քրդերի դեմ և Թուրքիայի գործողություններից Սիրիայում տուժում և  զոհվում են խաղաղ բնակիչներ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իր գործողություններն իրականում ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ