Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Մասնագետները կին ռեժիսորների ներկայացվածությունը կինոարտադրությունում բավարար չեն գնահատում


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետների պնդմամբ` կին ռեժիսորներին տրվող պետական աջակցությունը թե Հայաստանում, թե ողջ աշխարհում զգալիորեն ավելի քիչ է, քան տղամարդ ռեժիսորներինը: Ոլորտում կանանց թիվը ևս զիջում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 13-ին Երևանում Եվրիմաժի 150-րդ նիստի շրջանակում անցկացվող «Գենդերային հավասարություն կինոյի ոլորտում» խորագրով ֆորում-քննարկմանը նման տեսակետ հայտնեցին մասնակիցներն ու հիշեցրեցին, որ կինեմատոգրաֆում ևս պետք է լինի գենդերային հավասարություն:

«Կին ռեժիսորներին տրվող վճարները էականորեն տարբերվում են տղամարդ ռեժիսորներին տրվող վճարներից: Մեզ համար գենդերային հավասարությունն առաջնահերթություններից է: Տղամարդկանց և կանանց միջև ռեսուրսները պետք է հավասար բաշխել: Մեր «Դառնալ 50/50 մինչ 2020» ռազմավարությունն օգնում է կանանց և տղամարդականց հավասար ներկայացվածությանը աուդիովիզուալ ոլորտում: Այդ ուղղությամբ մենք քայլեր ենք իրականացնում: Երկու բրոշյուր ենք հրատարակել, որոնցից առաջինում նշված են այն խորհուրդները, որոնք կօգնեն հասնել ռազմավարության իրականացմանը: Երկրորդ հավելվածում կան մոնիտորինգի մեթոդները: Եվրիմաժի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետզհետե ավելի շատ կին է աշխատում ֆիլմերի նախագծերի շրջանակներում»,-ասաց Եվրիմաժի գենդերային հարցերով աշխատանքային խմբի նախագահ Այրիս Զապպե-Հելլերը:

Նրա ղեկավարած աշխատանքային խումբը ստեղծվել է 2013-ին: Յուրաքանչյուր երկիր, որտեղ իրենց հրավիրում են, գնում, ծանոթանում են ոլորտի վիճակին, տեսնում են` արդյոք գենդերային հարցերի վերաբերյալ կա ռազմավարություն, ներկայացնում են նաև համապատասխան տեղեկատվություն: Եվ ինչպես նշեց Այրիս Զապպե-Հելլերը` հենց այդ նպատակի համար էլ Հայաստանում են: «Մեր կոնկրետ նպատակն է մինչ 2020 թվականը 50/50 գենդերային հավասարության հասնել Եվրիմաժի կողմից աջակցություն ստացող ֆիլերի համար: Այդ նպատակի համար կազմակերպում ենք նաև բազմաթիվ միջոցառումներ` ներկայացնելու կին ռեժիսորների ֆիլմերը»,-նշեց նա:

Միջոցառման մոդերատոր Սեդա Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանում  կինոռեժիսորների գենդերային հավասարության վերաբերյալ տեղեկատվություն:  «Պետական աջակցություն ստացած կին ռեժիսորներ միգուցե շատ չունենք, սակայն որակապես մեծ առաջընթաց ենք ապրում: 2016-ին պետական աջակցություն են ստացել 27, 6 տոկոս կանայք, իսկ 2017-ին ցուցանիշն աճել է 3 տոկոսով: Սակայն գեղարվեստական ֆիլմերում, մեծ նախագծերում պատկերը կտրուկ փոխվում է` դրանցում կին ռեժիսորներն ավելի քիչ են ներկայացված: 2012-ին ունեինք ընդամենը երկու ֆիլմ, որոնք կին ռեժիսորներ են նկարահանել: 2014-ին պետական աջակցությամբ վեց ֆիլմ էր նկարահանել, որոնցից ոչ մեկի ռեժիսորը կին չէր, և միայն երկուսը մեկ տղամարդու և մեկ կնոջ համատեղ արտադրություն էր»,-ասաց նա ու հավելեց, որ պետք է ուշադրություն դարձնել այդ հարցին: 

Կինոռեժիսոր Դիանա Կարդումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում շատ վատ գնահատեց կինոարտադրությունում կանանց ներկայացվածության մակարդակը: «Կանայք երբեմն ֆինանսավորում չեն ստանում, երբեմն էլ այն մի քանի անգամ ավելի քիչ է լինում, քան տղամարդկանցը»,-ասաց նա:

Ռեժիսորը նշում է` իր «Տոմբե» ֆիլմի համար տրվել էր որոշակի գումար, իսկ տղամարդ ռեժիսորի միևույն չափի կարճամետրաժ ֆիլմի համար` հինգ անգամ ավելի շատ: «Ստացվում է, որ տղամարդիկ դիտվում են որպես պրոֆեսիոնալ մասնագետներ, քանի որ իրենց արած գործի համար բավականին լավ են վճարվում: Իսկ կանանց համար այն դիտարկվում է որպես պարզապես սիրելի զբաղմունք, քանի որ շատ քիչ են վճարվում, երբեմն էլ բացարձակ չեն ֆինանսավորվում»,-ասաց Դիանա Կարդումյանն ու հավելեց, որ ֆիլմերում էլ կանայք սովորաբար ներկայացված են լինում երկրորդական դերերում: Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում է կանանց ներգրավվածությունն անհամեմատ քիչ:

Միջոցառմանը ցուցադրվեց նաև նրա հեղինակած «Տոմբե» ֆիլմը: Այն անդրադարձ է կատարում սոցիալական անհավասարությանը: Ֆիլմի հերոսուհին սոցիալապես վատ վիճակում է գտնվում և աշխատում է «Ոսկե ձկնիկ» անունով ռեստորանում: Սակայն նրա ոչ մի երազանք իրականություն չի դառնում: Ֆիլմում ներկայացվում է  աղջկա կյանքի մեկ օրը: «Տոմբե»-ն փորձ է` անդրադառնալ խնդրի պատճառներին:

 

                                                                                                                   




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ