Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գրականագետը փաստում է՝ Չարենցը դեռ շատ անտիպ ստեղծագործություններ  ունի

Գրականագետը փաստում է՝ Չարենցը դեռ շատ անտիպ ստեղծագործություններ  ունի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցի տպագրված անտիպ գործերը քիչ չեն, սակայն նա դեռ մեծ անտիպ ժառանգություն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ին Չարենցի ծննդյան 121-ամյակին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:

«Ուրախալի փաստ է, որ Չարենցի նկատմամբ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում մեծացել է: Շարունակվում են չարենցյան հայտնագործությունները, նրա ժառանգության ամփոփման աշխատանքները: Չարենցը մեզ վերջին տարիներին ներկայացավ իր կենսագրության փակ էջերով: Միայն վերջին մի քանի տասնամյակի ընթացքում հրատարակվել է նրա անտիպ գործերի 3 գիրք: «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն տպագրվել է 1983 թվականին, 1993-ին տպվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիպ վավերագիր: Իսկ անցյալ տարի լույս տեսավ «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգության գիրքը: Դրանում զետեղված են պոեմներ, թարգմանություններ, փաստաթղթեր, նրա կյանքը ներկայացնող վավերագրեր: Բայց անտիպները դեռ միայն այսքանը չեն: Կան Չարենցի անտիպ այլ ստեղծագործություններ ևս, որոնք պահվում են Գևորգ Էմինի պահոցում, ժառանգների մոտ»,-ասաց Գասպարյանը:

Գրականագետը մեծապես կարևորում է Չարենցի այդ գործերը: Անտիպ ժառանգությունն ընդգրկում է գրողի կյանքի վերջին շրջանը: Պահպանված գործերը քիչ չեն: Սակայն պահպանվածներն ու մինչ այժմ տպագրվածները դեռևս ամբողջը չեն: Չարենցի որոշ գործերում հիշատակվում են ինչ-որ աշխատանքներ, որոնք դեռ չկան:

Գասպարյանը կարևորեց նաև անտիպ գործերի մայր տարբերակն ունենալուց բացի նաև մյուս մաքրագրերն ու սևագիր տարբերակներն ունենալը: «Գիրք մնացորդացի» մեջ ամբողջական տպագրված է «Դոֆին նաիրական»  շարք: Դա հիմնական տարբերակն է: Սակայն կան նաև 3-4 մաքրագիր տարբերակներ, ինչպես նաև սևագրություններ:

Խոսելով գրողի ձեռագրերի մասին՝ Գասպարյանն ասաց, որ դրանք վատ վիճակում են եղել: «Խորհրդային տարիներին, երբ հանվեցին հողի տակից, դրանց 25 տոկոսը քայքայված էր, թուղթը փշրվում, թափվում էր: Այդ ժամանակ լուծույթներով թուղթն ամրացրեցին, սակայն թանաքը լուծվեց թղթի մեջ, ձեռագրերը դարձան անընթեռնելի: Սակայն այդ փուլն անցել է: Ներկայում գրողի գործերն առկա են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Գևորգ Էմինի  տանը ևս բազմաթիվ գործեր կան : 2008-ին Չարենցի՝ Գևորգ Էմինի մոտ գտնվող ժառանգության մեծ մասը վաճառվեց Գրականության և արվեստի թանգարանին»,-եզրափակեց նա:

Հայ բանաստեղծ, գրող Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում: Չարենցի ժառանգությունը շատ հարուստ է. հայտնի ստեղծագործություններից են «Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված» պոեմները, «Գանգրահեր տղան» չափածո նովելը, «Տաղարան» բանաստեղծությունների շարքը, «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի», «Երկիր Նաիրի» գրքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am