Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հաղթողների գործերը ցուցադրվեցին «Գյոթե» կենտրոնում


ԵՐԵՎԱՆ, 6, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեի նպատակն  այս ոլորտում  առկա մերօրյա  զարգացումների, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների և արդի գաղափարների միախառնման մշտադիտարկումը:

Բիենալեի 6 մրցանակակրի և միջազգային ժյուրիի կողմից ընտրված 15 արվեստագետի աշխատանքները ներկայացվեցին Երևանի «Գյոթե» կենտրոնում: Ցուցահանդեսը բաց կլինի մարտի 6-26-ը:

«Բիենալեի մրցանակակիրները պարզ դարձան հոկտեմբերի 28-ին: Գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարուհի արվեստագետը,  առաջին տեղը զբաղեցրեց լեհ արվեստագետը, երկրորդ մրցանակը շնորհվեց չինացի մասնակցին, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց մեր հայրենակիցը՝ Արման Վահանյանը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ, բիենալեի միջազգային ժյուրիի անդամ Սոնա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ չորրորդ հատուկ մրցանակին է արժանացել գերմանացի արվեստագետը, իսկ ժյուրիի անդամ Մաթեուս Օտրեբան սահմանել է ևս մեկ մրցանակ էստոնացի մասնակցի համար:

Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերի համար շնորհվել են հուշամեդալներ, որոնց հեղինակը նկարիչ, քանդակագործ Մելիք Շահնազարյանն է:

Գլխավոր մրցանակակիրներից բացի միջազգային ժյուրին պատվոգրեր է հանձնել բիենալեի լավագույն 13 մասնակիցներին:

«Ի ուրախություն բոլորիս, Հայաստանում բացվեց «Գյոթե» կենտրոնը, և հենց նրանց  առաջարկով այստեղ ներկայացնում ենք բիենալեի մրցանակակիրների աշխատանքները: Բիենալեն մեծ արձագանք ստացավ և այս ոլորտում ստեղծագործող անձանց իրենց աշխատանքը շարունակելու խթան տվեց: Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ փաստում է,  որ գեղարվեստական տպագրության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է»,-եզրափակեց Սոնա Հարությունյանը:

Գեղարվեստական տպագրության հաջորդ բիենալեն տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերին:

«Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալե. Երևան-2017»-ը անցկացվել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Բիենալեին ցուցադրվել է 228  արվեստագետի 449  աշխատանք 50 երկրից: Բիենալեի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Միջազգային ժյուրիի կազմում են եղել  անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից և Հայաստանից:

Մեր օրերում թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը համեմատաբար հեշտ է: Սակայն կան որոշ արվեստագետներ, որոնք հրաժարվում են դրանց օգնությամբ աշխատելուց և նախընտրում են աշխատատար վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ