Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ազգային կինոկենտրոնը այլևս ստեղծագործական գործունեություն չի ծավալի


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կինոարտադրության ոլորտը կանոնակարգելու, բարելավելու, առողջացնելու նպատակով մշակվել է կինոյին վերաբերող նոր կանոնակարգ և կառուցվածք: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը: Նա ներկայացրեց ֆիլմերի ընտրության նոր կանոնակարգը:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնն այլևս արտադրությամբ չի զբաղվի: Այդ գործառույթն իրականացնելու են կինոարտադրողները:

Մենք ստեղծելու ենք երկու հանձնախումբ`տեխնիկական և գեղարվեստական: Տեխնիկական հանձնախմբի անդամներն ընտրվելու են կինոկենտրոնի կազմից. կարող են լինել նաև հրավիրված մասնագետներ: Ամեն մի  անվանակարգի համար` գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիոն ֆիլմ, կստեղծվեն առանձին հանձնախմբեր, յուրաքանչյուր հանձնախմբի մեջ կընդգրկվի 3-5 անդամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տնօրենը:

Տեխնիկական հանձնախումբը ստուգելու է հայտերի ճիշտ ներկայացման ձևաչափը, տեխնիկական և իրավական բոլոր կողմերը, ինչից հետո այդ հայտերը կներկայացվեն գեղարվեստական հանձնախմբին, որն ընտրվելու է հետևյալ կերպ:

Ինչպես տեխնիկական, այնպես էլ գեղարվեստական հանձնախմբի դեպքում յուրաքանչյուր անվանակարգ կունենա իր առանձին գեղարվեստական հանձնախումբը: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած կլինի հինգ մարդուց: Ամեն մի գեղարվեստական հանձնախումբ կընտրի իր նախագահին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դիմելու է այնպիսի հասարակական կազմակերպությունների, ինչպիսիք են կինոմիությունը, կինոակադեմիան, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների և այլ միությունները, որոնցից ամեն մեկն իր հերքին կներկայացնի իրենց ներկայացուցիչների անունները:

Հայտերը կներկայացվեն առանց ռեժիսորների, սցենարիստների անունները բարձրաձայնելու: Այդպես կապահովվի ընտրությունների թափանցիկությունը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորման 30 տոկոսը պետք է տրվի դեբյուտային ֆիլմերին: Կինոկենտրոնն այդպիսով փորձում է երիտասարդների ներգրավել այդ բնագավառում և աջակցել նրանց հաջողություններին:

Շուշանիկ Միրզախանյանը փաստեց, որ այս տարի ֆիլմարտադրության զարգացման համար կինոկենտրոնին հատկացվել է 274 մլն դրամ, որի  հինգ տոկոսը կտրամադրվի այն հայտերին, որոնք ներկայացված են որպես զարգացման փուլի հայտեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ