Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ ճանապարհաշինարարներն այսուհետ ասոցիացիա կունենան

Հայ ճանապարհաշինարարներն այսուհետ ասոցիացիա կունենան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ճանապարհաշինարարարներն այսուհետ կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, ոլորտում հաջողության հասած ճանապարհաշինական մեծ ու փոքր մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։

Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը պաշտոնապես ազդարարեց ասոցիացիայի աշխատանքների մեկնարկը` կարևորելով ոլորտի կանոնակարգման մեջ նմանատիպ կազմակերպության դերը։

Նրա խոսքով` ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուց էր առաջացել, բայց միայն այսօր դա իրականություն դարձավ։

«Մեր նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող  պրոֆեսիոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց Էդուարդ Բեզոյանը։

Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից  շնորհավորեց բոլոր ճանապարհաշինարարներին կարևոր ձեռքբերման համար` հույս հայտնելով, որ այս կառույցը լավագույնս կներկայացնի ճանապարհաշինական ընկերությունների շահերն ու հետաքրքրությունները։

«Ճանապարհաշինությունը մեր երկրի տնտեսության չափազանց կարևոր և առանցքային բնագավառներից է, ճանապարհները՝ յուրաքանչյուր երկրի արյունատար անոթները: Վստահ եմ, որ այն գործնական նոր կապեր ստեղծելու, դրանք ամրապնդելու և հաստատելու, միջազգային առաջադեմ փորձը կիրառելու լայն հնարավորություններ կտա։

Ակնկալում ենք կազմակերպության ակտիվ մասնակցությունը և աջակցությունը ճանապարհաշինության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական ծրագրերին»,- ասաց Գագիկ Գրիգորյանը:

Ասոցիացիայի հիմնադրումը ողջունեց նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը։ 

Նա նշեց, որ չափազանց կարևոր է ոլորտում դրսի նորարարական փորձի ներդրումը և մասնագետների շփումներն ու փորձի փոխանակումը։

«Ճանապարհաշինության դերակատարումը թերագնահատել, իհարկե, դժվար է: Դա արտահայտվում է նաև մեր կառավարության հաստատած ու շարունակաբար իրականացվող ծրագրերում: Այս իմաստով դուք բոլորդ շահեկան դիրքերում եք և շուկան գնալով մեծանում է: Շուկայում որոշակի կարգավորումների բարելավման, նորամուծությունների կիրառման իմաստով ես շատ կարևորում եմ ասոցիացիայի հիմնումը և բարեհաջող աշխատանքի իրականացումը»,- ընդգծեց  Վարդան Կարապետյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am