Հասարակության վստահության բարձրացումը պարարտ հող կստեղծի կոռուպցիայի ռիսկերի նվազեցման համար. Արմեն Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում իր ելույթում կարեւորեց պայքարն անընդունելի երեւույթների դեմ, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիան: Նրա խոսքով՝ այդ երեւույթն ավերիչ ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա:
«Այն խաթարում է օրինական եւ բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքները դարձնում առք ու վաճառքի առարկա: Ցավալի է նաեւ, որ հասարակությունը, որը ընդհանուր դժգոհություն է արտահայտում առանձին դեպքերում կամ առանձին փաստերի նկատմամբ, կարող է, մեղմ ասած, ունենալ հանդուրժողական վերաբերմունք: Անհրաժեշտ է, որ վերջին տարիներին Կառավարության կողմից իրականացվող համակարգված, հետեւողական աշխատանքը ունենա լայն հանրային աջակցություն: Հասարակության վստահության բարձրացումը պարարտ հող կստեղծի օրինականության ամրապնդման եւ կոռուպցիայի ռիսկերի նվազեցման համար: Կարեւոր է, որ այդ գործընթացը լինի անշրջելի, եւ մարդիկ հավատան դրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակեց նա:
Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Նախագահի ընտրության հարցի քննարկումը մեկնարկել է մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում