Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ելք»-ից Գագիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ քվեարկած քվեաթերթիկները ոչ թե 7-ն են, այլ երկուսը. Փաշինյանը բողոքում է

«Ելք»-ից Գագիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ քվեարկած քվեաթերթիկները ոչ 
թե 7-ն են, այլ երկուսը. Փաշինյանը բողոքում է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը Գագիկ Հարությունյանի թեկնածության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո «Ելք» խմբակցության ղեկավարը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց և հայտարարեց, որ «Ելք» խմբակցության 7 պատգամավորներ, ովքեր մասնակցել են քվեարկությանը, դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, մինչդեռ Գագիկ Հարությունյանի թեկնածության դեմ ընդամենը 2 քվեաթերթիկ է եղել: «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը: Եվ սա ես համարում եմ մեծամասնության ներկայացուցիչների կողմից «Ելք» դաշինքի դեմ ուղղված ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մանր ժուլիկություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Պետք է նշեմ, որ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկության ողջ գործընթացին՝ քվեաթերթիկի պատրաստման պահից սկսած: Բոլոր անդամները մասնակցել են նաև քվեարկության գործընթացին: Հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են նաև քվեաթերթիկների հաշվառման գործընթացին, միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել բոլոր քվեաթերթիկները: Այնպես որ, ես այդ անհիմն հայտարարությունների կարիքը չեմ տեսնում»,- ասաց Մելիքյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ է: «Ես հաշվիչ հանձնաժողովի անդամ եմ, մասնակցել եմ հաշվարկին, սակայն ես չեմ կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով, որովհետև հանձնաժողովի բոլոր անդամները հաշվում էին քվեաթերթիկները, և շատ հնարավոր է, որ նրանցից մեկը հենց այդպես էլ արել է»,- հայտարարեց Լենա Նազարյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ կա քվեարկության արդյունքներն ամփոփող արձանագրություն, որի տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները բոլոր խմբակցություններից: «Դուք խոսում եք հնարավորության մասին, մենք էլ կարող ենք ասել, որ ձեր ասածները ենթադրություններ են: Մենք լուրջ մարդիկ ենք, Ազգային ժողովի պատգամավորներ ենք, այստեղ կա արձանագրություն, որը ստորագրվել է բոլորի կողմից առանց բացառության»,- ասաց Շարմազանովը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Ես անպայման ցանկանում եմ հստակեցնել, որ Լենա Նազարյանը ստորագրել է արձանագրության տակ՝ ելնելով առկա քվեաթերթիկներից: Նրա համար հաշվարկի ողջ գործընթացը տեսանելի չի եղել: Եվ ընդհանրապես այդ փակ դռների հետևում հաշվարկի պրակտիկան պետք է փոխել: Մենք պնդում ենք, որ քվեաթերթիկների փոփոխություն է եղել»,- ասաց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ պահանջեց թեմայի վերաբերյալ մանրամասն հետաքննություն անցկացնել և վերջ տալ հաշվարկը փակ դռների հետևում անելու ձևաչափին: «Թող այդ գործընթացին հետևելու հնարավորություն ունենան լրագրողները, ինչպես ընդունված է Հայաստանի օրենսդրությամբ: Դռնփակ ռեժիմն ընդհանրապես անընդունելի և անհասկանալի է»,- ընդգծեց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը ևս հաշվիչ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ, և իրենք միանշանակ և անվերապահորեն վստահում են նրանց: «Մենք վստահ ենք, որ մեր խմբակցության անդամների ներկայությամբ չէր կարող որևէ մանիպուլյացիա լինել, առաջարկում ենք վերահաշվարկ իրականացնել, որպեսզի այստեղ տարատեսակ կարծիքներ չհնչեն»,- ասաց Զոհրաբյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ շեշտեց, որ ոչ Գագիկ Հարությունյանի, ոչ իրենց համար էական չէ՝ նա կհավաքի 96 ձայն, թե 88 ձայն: «Դա էական չէ: Ես խնդրում եմ ավելորդ արտահայտություններով նման խլրտումներ չմտցնել մեր բնականոն աշխատանքի մեջ: Եթե ցանկանում եք, կարող եք այդ հաշվարկը նորից կատարել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությանը մասնակցելուց հետո հայտնել էր, որ խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, իսկ մյուս երեք թեկնածուների քվեարկությունը իրականացնել ազատ: Քվեարկության արդյունքներով Գագիկ Հարությունյանը հավաքել է 98 կողմ և 2 դեմ ձայն, մինչդեռ «Ելք» խմբակցությունից քվեարկությանը մասնակցել է 7 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am