Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

ԵՊՀ-ն բազմաթիվ գրքեր է փոխանցել Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնման նպատակով


ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը արաբագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել է ԵՊՀ-ի կողմից հրատարակված գրքերի նվիրատվություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքերի հանձման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ  փետրվարի 27-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝  Մոսուլը,  2014թ. հունիսից գտնվում էր Իսլամական պետություն խմբավորման վերահսկողության ներքո: 2016թ. հոկտեմբերին Իրաքի զինված ուժերի կողմից կազմակերպված քաղաքի ազատագրման գործողությունների արդյունքում 2017թ. հուլիսի 10-ին իրաքյան կառավարությունը պաշտոնապես հայտատարեց Մոսուլի ազատագրման մասին:

Մոսուլի ազատագրումից հետո պարզ դարձավ, որ քաղաքի կարևոր նշանակության շատ հաստատություններ ավերվել և թալանվել են: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելող Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Ալ-Զաբիդին, ԵՊՀ ղեկավարությունը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչները, աշխատակիցները և ուսանողները:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ  արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը, ով համառոտ ներկայացրեց Իրաքում տիրող իրավիճակը և խոսեց այն կորուստների մասին, որոնք կրել է Մոսուլ քաղաքը և մասնավորապես՝ Մոսուլի համալսարանը: Նա նշեց նաև, որ Երևանի պետական համալսարանը Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնման համար որպես նվիրատվություն մի քանի տասնյակ գիրք է հատկացրել: Ապա արաբագիտության ամբիոնի վարիչը խոսքը փոխանցեց ԵՊՀ ռեկտոր,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանին, ով իր ելույթում նշեց, որ այս օգնությունը զուտ խորհրդանշական է և ցավ հայտնեց, որ գրքերի փոխադրման դժվարությունների պատճառով Երևանի պետական համալսարանը չի կարող ավելի մեծ օգնություն ցուցաբերել Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանը: ԵՊՀ ռեկտորն ավելացրեց նաև, որ Երևանի պետական համալսարանն իր հնարավորությունների սահմանում միշտ պատրաստ է աջակցել Իրաքի ժողովրդին:

 ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Ալ-Զաբիդին իր խորհին շնորհակալությունը հայտնեց ԵՊՀ ռեկտորին, արևելագիտության ֆակուլտետի դեկանին և արաբագիտության ամբիոնի վարիչին վերոնշյալ միջոցառման կազմակերպման և Մոսուլի համալսարանի գրադարանին ցուցաբերված աջակցության համար: Նա կարճ ներկայացրեց գրադարանի պատմությունը և հույս հայտնեց, որ այն կվերականգնի իր երբեմնի դիրքը:

Իր խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ով Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները համեմատեց 1915թ.-ի Մեծ եղեռնի հետ՝ նշելով, որ ինչպես հայ ժողովուրդն է կարողացել այդ մեծ ոճրագործությունից հետո վերականգնվել և զարկ տալ գիտությանը և մշակույթին, այնպես էլ իրաքցի ժոշովուրդը կվերականգնի իր կորցրածը և նոր ուժով կշարժվի առաջ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ուսանողների կողմից պատրաստված ֆիլմը, որտեղ ներկայացված էին Մոսուլը և Մոսուլի համալսարանի գրադարանը մինչև Իսլամական պետություն խմբավորման կողմից քաղաքի գրավումը և այն ավերակները, որոնք մնացել են քաղաքից՝ նշված խմբավորման ձեռքից քաղաքի ազատագրումից հետո:

Միջոցառման վերջում Իրաքի հավատարմատարին հանձնվեցին ԵՊՀ-ի կողմից հրատարակված մոտ հիսուն անուն գրքեր և ժողովածուներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ