Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Ալեքսանդր Մանասյանը կարևորում է ադրբեջանահայերի կոտորածների իմաստավորումը Հայոց ցեղասպանության համատեքստում


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այն կարծիքին է, որ ամենակարևոր խնդիրը, որին պետք է հետամուտ լինեն թե Հայաստանի պետական այրերը, թե փորձագետները, ադրբեջանահայերի ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության համատեքստում իմաստավորելն է: Քաղաքագետը նման կարծիք հայտնեց «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում: «Մեծ քաղաքականությունը հանգստություն և խաղաղություն է սիրում, ոչ թե զգացմունքային ալիքների վրա արտահայտված բառեր: Սա նշանակում է, որ մենք խնդիրը պետք է իմաստավորենք մեր մեծ քաղաքականությամբ և մեր նկատմամբ տարվող մեծ քաղաքականության համատեքստում՝ հանգիստ ձևով:  Եթե մենք այդպես ենք մոտենում խնդրին, մենք պետք է փաստենք, որ Սումգայիթը եղել է ադրբեջանահայերի նկատմամբ ցեղասպանության ակտերից մեկը, իսկ մեծ թեման, որն անմիջականորեն կապվում է Սումգայիթի հետ, ադրբեջանահայության ցեղասպանությունն է, իսկ ադրբեջանահայության ցեղասպանությունը իր հերթին Հայոց ցեղասպանության ակտերից մեկն է: Այս ցեղասպանությունները, թվում է, թե երկուսն են, սակայն սա թուրքական վերնախավի կողմից մշակված նույն քաղաքականության երկու ակտերն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ 1918թ.,  երբ թուրքական բանակը ներխուժել է Անդրկովկաս, ամբողջ ճանապարհին հայկական բնակավայրեր հրկիզելով և  ոչնչացնելով հասել է Բաքու, կոտորել է 30 հազար հայ և  քաղաքական իրողություն է դարձրել այսպես կոչված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, որին տվել է իր ցեղասպանական վարքը: «Մեր արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության համարժեք իմաստավորման մեջ ի՞նչ տեղ պիտի տրվի ադրբեջանահայության ցեղասպանությանը, ինչպե՞ս պետք է այն կապվի արցախյան հիմնախնդրի հետ: Սա է իմ կարծիքով այն խնդիրը, որին մենք բոլորս պետք է հետամուտ լինենք՝ պետական այրերից սկսած մինչև փորձագետներ: Ինչպե՞ս պետք է իմաստավորվի ադրբեջանահայերի ցեղասպանությունը հայոց ցեղասպանության համատեքստում: Ես կարծում եմ, որ մեր փորձագետներից շատերն այս ուղղությամբ շատ աշխատանք են տարել, սակայն արի ու տես, որ մեր ազգային-քաղաքական գիտակցությունը դեռևս պատրաստ չի եղել և նույնիսկ հիմա պատրաստ չէ ցուցաբերել այն  պատրաստակամությունը, որ այս դիտակետով հարցը իմաստավորի»,- մանրամասնեց Ալեքսանդր Մանասյանը: 

Նա լուրջ խնդիր է համարում այն հանգամանքը, որ ադրբեջանահայ փախստականների հարցը դուրս է մեր քաղաքական օրակարգից:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ