Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Ներքին Գետաշենում դպրոցական նոր շենքի կառուցման անհրաժեշտություն կա


ԳԱՎԱՌ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում այս ուստարում 794 աշակերտ կա՝ այն դեպքում, երբ ներկա պայմաներում դպրոցական շենքն ունի 460 աշակերտ տեղավորելու հնարավորություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը, դպրոցական պարապմունքներն անցկացվում են երկհերթ, նաեւ շաբաթ օրերին: Եվս 91 երեխա հաճախում են նախակրթարան: «Մեր գյուղում տարեկան գրանցվում է մինչեւ 150 ծնունդ: Ամեն տարի մեր աշակերտների թիվը կավելանա մոտ 65-ով: Դպրոցական շենքը, որտեղ հիմա անցկացվում են դասերը, կառուցվել եւ շահագործվել է 1965 թվականին: Այն այժմ հիմնանորոգման կարիք ունի:

Աշակերտների թվի ավելացումը մեզ ուղղակիորեն ստիպում է մտածել նոր դպրոցական մասնաշենքի կառուցման մասին: Որքան շուտ լուծում տրվի այս հիմնախնդրին, այնքան մենք վաղ կազատվենք դասերը երկհերթ ու ծանրաբեռնված անցկացնելու տարիների հոգսից»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծվելու է ՀՀ կառավարության հատկացրած միջոցների հաշվին:

«Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցում պետական միջոցներով կկառուցվի նոր մասնաշենք եւ կհիմնանորոգվի գործող մասնաշենքը: Դրա համար նախագծանախահաշվային արժեքը կազմել է 712 միլիոն դրամ, որից այս տարի հատկացվելու է մոտ 49 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը տեղի կունենա այս տարվա մարտին, աշխատանքները կմեկնարկեն մոտակա ամիսների ընթացքում»,-ներկայացրեց քաղաքաշինության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ