ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության շրջանակներում կազմակերպչական հարցերով աշխատանքային խմբի նիստ է գումարվել
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում` ՍԾՏՀ կենտրոնակայանում, ՀՀ նախագահության շրջանակներում փետրվարի 14-ից 15-ը տեղի ունեցավ կազմակերպչական հարցերով աշխատանքային խմբի նիստը: Նիստին, որը վարում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը, ներկա էին բոլոր 12 անդամ պետությունների պատվիրակությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նիստի ժամանակ քննարկվեցին կազմակերպության բարեփոխումներին, մի շարք տնտեսական միջազգային կազմակերպությունների հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրմանն առընչվող հարցեր, նախագահության շրջանակներում նախատեսվող միջոցառումների մանրամասները, ինչպես նաև քարտուղարության աշխատակազմին վերաբերող ընթացակարգային հարցեր:
Փետրվարի 16-ին կայացավ նաև ծրագրերի զարգացման հիմնադրամի կառավարման նիստը, որի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց իր պատրաստակամությունն ուղղորդելու կազմակերպության աշխատանքները` տնտեսական բաղադրիչի ընդլայման ու զարգացման, ինչպես նաև հիմնադրամի ակտիվացման մեխանիզմների համատեքստում:
Նիստերի արդյունքում ընդունվեցին համապատասխան զեկույցներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում