Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ժայռափոր կառույցներն անհրաժեշտ է վերականգնել միայն բնական նյութերի կիրառմամբ. ավարտվեց Գեղարդավանքի պահպանմանը վերաբերող գիտաժողովը

Ժայռափոր կառույցներն անհրաժեշտ է վերականգնել միայն բնական նյութերի 
կիրառմամբ. ավարտվեց Գեղարդավանքի պահպանմանը վերաբերող գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարդավանք վանական համալիրի ժայռափոր կառույցների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունը» խորագրով եռօրյա գիտաժողովի շրջանակում բոլոր մասնակիցներն այցելել են Գեղարդավանք և դիտարկումներ կատարել: Մի գիշերվա ընթացքում որոշակի սարքավորումներով չափումներ են իրականացրել, որոնք բավականին հետաքրքրական են:

Նրանք եկել են այն եզրակացության, որ անձրևաջրերի ներթափանցումը ժայռափոր կառույց լուրջ վտանգ է ստեղծում Գեղարդավանքի համար: Այդ հարցի լուծման լավագույն միջոցը մասնագետները տեսնում են բնական, կառույցի և շրջակա  միջավայրի համար անվնաս միջոցների կիրառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 16-ին`գիտաժողովի ամփոփմանը, խոսեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ԻԿՕՄՕՍ Իտալիայի նախագահ Պիետրո Լորիանոն, Իտալիայի բնապահպանության և հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի ներկայացուցիչ Դանիելե Սպիցիկինոն:

Սամուելյանի խոսքով` Գեղարդավանքը մշտապեսս գտնվում է պետության և Մայր Աթոռի ուշադրության կենտրոնում, և կարևոր է համագործակցությունը միջազգային փորձագետների հետ: Այս տարի կիրականացվի հուշարձանի լազերային չափագրում, նոր սարքավորումներ կտեղադրվեն, որոնք ավելի դյուրին կդարձնեն դրա պահպանման գործընթացը:

Պիետրո Լորիանոն նշեց, որ Գեղարդը բացառիկ հուշարձան է, որի շրջակա միջավայրը, լեռներն արտակարգ են: Նա շնորհավորեց մեզ այդ ամենը պահպանելու համար` շեշտելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան բացառիկ կառույցներ, որոնք, ցավոք, շրջապատված են նոր, տգեղ և միջավայրը փչացնող շինություններով:

Անդրադառնալով հուշարձանի խնդիրներին`նա ընդգծեց, որ պետք է աշխատանքներ իրականացվեն ջրի ներթափանցումը կանխելու համար: «Կար ժամանակաշրջան, երբ ցեմենտով էինք աշխատում, իսկ հիմա նախընտրում ենք բնական նյութեր օգտագործել ջրահեռացման համակարգը պահպանելու համար: Նոր տեխնիկական միջոցներից կիրառում ենք դրոնը»,-ասաց Լորիանոն:

Դանիելե Սպիցիկինոյի համոզմամբ` նոր տեխնոլոգիաները վերաբերում են ոչ թե միջամտությանը, տարվող աշխատանքներին, այլ խնդրի ախտորոշմանը: «Ներկայումս մի քանի օրվա ընթացքում կարողանում ենք ստանալ ամբողջ համալիրի եռաչափ մոդելը, հնարավորություն ունենք մեր գործիքների շնորհիվ չափել, թե որքան է խոնավության ազդեցությունը, դրա ներթափանցումը, տեսնել, թե որ կետերից է ջուրը ներթափանցում, ինչ արագությամբ: Դեֆորմացիաները վեր հանելու համար հնարավոր է օգտվել արբանյակային համակարգերից ու ժամանակի ընթացքում տեսնել` ինչ շարժ ունի կոնկրետ վայրը, հուշարձանը: Ախտորոշման, վերլուծությունների փուլը նորամուծություններ է ենթադրում, բայց կոնկրետ աշխատանքները պահանջում են բացառապես բնական նյութեր, որոնք չեն վնասում հուշարձանն ու շրջակա միջավայրը»,-շեշտեց մասնագետը:

Հանդիպման ավարտին Արև Սամուելյանը նշեց, որ նախատեսում են Դանիելե Սպիցիկինոյի հետ համագործակցությունը շարունակել մայիսին և Գեղարդավանքի հետ կապված հստակ սկանավորման, մոնիթորինգի աշխատանքներ իրականացնել:

Գուցե Հայաստանը մասնակցի 2019-ին Եվրոպայի մշակութային կենտրոն հայտարարված իտալական Մատերա քաղաքում կայանալիք ժայռափոր կառույցների վերաբերյալ ցուցահանդեսին: Սամուելյանն ընդգծեց, որ գիտաժողովին խոսվել է նաև Գառնու հեթանոսական տաճարի խճանկարի վերականգնման մասին:

Գիտաժողովին մասնակցել են միջազգային փորձագետներ, ովքեր մեծ փորձ ունեն ժայռափոր կառույցների պահպանման մեթոդաբանության մշակման գործում։ Հրավիրյալ մասնագետները ներկայացրել են իրենց դիտարկումները ժայռափոր կառույցների ամրակայման եւ ջրահեռացման մեթոդաբանության վերաբերյալ, հանդես եկել Գեղարդի վանական համալիրի մասով առաջարկություններով:

Ներգրավել են նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության, արվեստի ինստիտուտների եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների:

Գիտաժողովն անցկացվեց ՀՀ մշակույթի, ՀՀ արտաքին գործերի նախարարությունների եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրերի ֆինանսավորմամբ:

Գեղարդավանքը եւ Ազատ գետի հովիտը 2000 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանության կոնվենցիայի դրույթներից ելնելով՝ հուշարձանի պահպանության և գալիք սերունդներին փոխանցելու համար կարեւորվում է միջազգային համագործակցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am