Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Պենդերեցկու երաժշտությունը փոխում է աշխարհը. Երևանում մեկնարկում է Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերօրյա լավագույն ստեղծագործողներից մեկի` կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակի առիթով փետրվարի 13-17-ը Երևանում կանցկացվի նրա անվան փառատոն: Այդ օրերին կհնչեն խմբերգային ստեղծագործություններ, որոնք Հայաստանում նախկինում չեն ներկայացվել: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին փետրվարի 13-ին Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Քշիշտոֆ Պենդերեցկին:

«Յուրաքանչյուրիս համար պատիվ է գտնվել մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորի կողքին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներում նշվելու է նրա հոբելյանը: Հրաշալի է, որ այդ միջոցառումների շարքը սկսվում է Երևանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա ասաց, որ հարցազրույցներից մեկում Պենդերեցկին նշել է, թե իր ստեղծագործական աշխարհի վրա մեծ ազդեցություն են ունեցել Բախը և Կոմիտասը: Պենդերեցկին շեշտել է, որ զարմանալի և յուրահատուկ երևույթ է, երբ կոմպոզիտորը նաև հերոս է, իսկ Կոմիտասը հենց այդպիսին էր: «Կարծում եմ` մենք սիրում ենք Քշիշտոֆ Պենդերեցկուն ոչ միայն այն բանի համար, որ նա նաև հայկական ծագում ունի, այլև այն պատճառով, որ գործ ունենք համաշխարհային մեծության հետ, մարդ, որն իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, գունավորեց մեր կյանքը»,-ընդգծեց Ամիրյանը:

Քշիշտոֆ Պենդերեցկու խոսքով` ինքը մի քանի անգամ եղել է Հայաստանում, և իր համար առանձնակի կարևոր է, որ փառատոնը սկսվում է Երևանից: Նա նշեց, որ միշտ սիրով է վերադառնում Հայաստան, կնոջ հետ ունկնդրում բարձրորակ երաժշտություն և իրեն զգում ինչպես տանը, միայն հայոց լեզվին չի տիրապետում:

Կոմպոզիտորի կարծիքով, յուրաքանչյուր ստեղծագործող պետք է երաժշտական նախնի ունենա: Իր նախնին Բախն է: «Դեռ պատանի էի, երբ հայրս ինձ տրամադրեց իր ձեռքի տակ եղած պարտիտուրները, որոնց մեջ նաև Բախ կար: Այդ պահից ի վեր տարվեցի նրա երաժշտությամբ»,-խոստովանեց Պենդերեցկին: Նա շեշտեց, որ վաղ տարիքից է սկսել ստեղծագործել, և իրեն գրավել է ավանգարդ երաժշտությունը, հետո ինքը նվիրվել է դասականին և մինչ օրս փորձում է շարունակել դասական երաժշտության ավանդույթներն ու իր ներդրումն ունենալ դրա զարգացման գործում:

Չորս օր տևելիք փառատոնին նույնքան համերգային ծրագրեր կիրականացվեն: Փառատոնի շրջանակում ելույթներ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը։ 

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ 

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ կոմպոզիտորը հայտարարել է, որ «երջանիկ է վերադառնալ տուն»: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013 նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևը մեծանուն կոմպոզիտորին է հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ