Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Սոցիալական հարցումների հիման վրա մրցանակների են արժանացել Սոֆի Դևոյանը, Իվան Վոլինկինը, Միհրան Հարությունյանը


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ International media holding-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեցին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, Աբովյանի քաղաքապետը, «Պարի և հոգու թատրոնի» հիմնադիր-ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանը և այլք։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարձրաստիճան հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

Մրցույթն անցկացվել է սոցիալական հարցումների հիման վրա։ Մրցանակները շնորհվում էին «Տարվա հասարակական գործիչ», «Տարվա մեկենաս» և այլ անվանակարգերում։

«Տարվա դեսպան» մրցանակին արժանացավ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Շատ մեծ պատիվ է ինձ համար այսքան կարևոր մրցանակ ստանալ։ Սա պատիվ է, քանի որ այս անվանակարգում դեսպան են ընտրել ոչ թե ժյուրիի անդամները, այլ սա բազմաթիվ մարդկանց քվեարկության արդյունք է։ Կարևոր է, որ մարդիկ տեսնում են իմ բարի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և քվեարկել են հենց ինձ համար։ Բացի պատվից, սա նաև շատ մեծ պարտավորվածություն է։ Քիչ աշխատանք չի արվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար։ Վստահեցնում եմ, որ միշտ կաշխատեմ գործել հենց այս ուղղությամբ և առանց ուժերս խնայելու կնպաստեմ, որ մեր երկրների, մեր ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ միայն վեր ընթանան»,- շեշտեց Վոլինկինը։

«Սփյուռքում տարվա արդյունավետ գործող կառույց» անվանակարգում երկու հաղթող ճանաչվեցին՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը և Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանը։

«Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում պարգևատրվեց Աշոտ Ղահրամանյանը, «Տարվա ամենաարդյունավետ ուժային կառույց» համարվեց ՀՀ ոստիկանությունը, «Տարվա մարզիկ» անվանակարգում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը, «Տարվա մշակութային գործիչ» մրցանակը հանձնվեց պարուհի, պարուսույց Սոֆի Դևոյանին, «Տարվա մարդ» անվանակարգում հաղթող ճանաչվեց քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանը, «Տարվա վարչական շրջանի ղեկավար» կոչմանն արժանացավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, և «Տարվա քաղաքապետ» համարվեց Աբովյանի քաղաքապետը Վահագն Գևորգյանը։

Իր խոսքն ուղղելով ներկաներին՝ International media holding-ի հիմնադիր Արման Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուր մարզիկի, քաղաքական գործչի, անհատի համար կարևորը ժողովրդի վստահությունն ու սերն է։  

«Շատ հաճելի է այստեղ տեսնել այսքան տաղանդավոր մարդկանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում շատ անգամ ապացուցել են, որ պատնեշներ չկան։ Հայ ազգը պետք է հպարտանա, որ ունի նման զավակներ, ովքեր կարողանում են մեր երկրի պատիվը բարձր պահել թե Հայաստանում, թե երկրի սահմաններից դուրս»,- ընդգծեց Վարդանյանը և հավելեց, որ սփյուռքի հայության դերը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար, և սփյուռքը շատ կարևոր դերակատարում ունի հայապահպանության գործում։

Արման Վարդանյանը International media holding-ը հիմնադրել է 2011 թվականին։ Նրա կազմի մեջ մտնում են հայաստանյան մեդիա դաշտի առաջատար մի քանի լրատվամիջոց, որոնց օրական այցելությունները հասնում են մոտ 200 հազարի։




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ