Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա. Աֆրինում բնակվող վերջին հայը դիմել է Թուրքիային

Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա. Աֆրինում բնակվող 
վերջին հայը դիմել է Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ  Հարութ Գևորգին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 61-ամյա Հարութ Գևորգը  Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Էզազ, Հալեպ ապա Աֆրին տեղափոխված  Այնթափցի հայերի հետնորդներից է: 

«Մենք 1915 թվականին Թուրքիայից  աքսորվել ենք այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել ենք  Էզազ, ապա՝ Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ ինձնից բացի բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա մենակ ես եմ մնացել: Այդ հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել են, մեծ մասն էլ զոհվել: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա սպանում է կանանց և երեխաներին: Արդեն 100 տարի է՝ Թուրքիան շարունակում է իր հարձակումները»,- գործակալության հետ զրույցում նշել է Հարութ Գևորգը: 

Աֆրինում մնացած վերջին հայը նշել է, որ Աֆրինը Սիրիայի այն եզակի շրջաններից է, որ պատերազմ չէր տեսել: Նա  Թուրքիայից պահանջել է դադարեցնել սկսած արյունահեղությունը, այնուհետև մայրենի լեզվով դիմել միջազգային հանրությանը: 

«Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա, Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր, ինչո՞ւ եք փորձում մարդկանց համար ապաստարան դարձած այս  քաղաքը ոչնչացնել: Մենք Թուրքիայում մեր հայրենի տներից արտաքսվեցինք  և այստեղ եկանք: Հիմա փորձում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է  Հարութ Գևորգը: 

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 19 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am