Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաջողության բանալին ինքն իր հետ և հանրության առաջ ազնիվ լինելն է. Տոնոյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի սաներին

Հաջողության բանալին ինքն իր հետ և հանրության առաջ ազնիվ լինելն է. Տոնոյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի սաներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 6-ին ընդունել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի (PR) դպրոցի սաներին: 

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր փուլերում հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության առանձնահատկությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում նշեց, որ նախարարության գործունեությանը ծանոթանալու ցանկությունը մեծ էր: 

Հանդիպման սկզբում նախարար Դ.Տոնոյանը հյուրերին համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները՝ կարևորելով աղետների ռիսկի նվազեցման գործում տեղեկատվական դաշտի դերակատարների հետ սերտ համագործակցությունը:     

ԱԻ նախարարը ներկայացրեց նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստվող օրենսդրական բարեփոխումները, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող լայնածավալ հանրային իրազեկման ծրագիրը, ճգնաժամերի և պատերազմական իրավիճակներում տեղեկատվական ռազմավարության յուրահատկությունները և ռիսկերը: 

Հանրային կապերի (PR) դպրոցի սաների հնչեցրած բոլոր հարցերին ԱԻ նախարարը հանգամանալից պատասխանում էր՝ օրինակներ բերելով վերջին տարիներին ՀՀ տարածքում արձանագրված և հանրային հնչեղություն ստացած խոշոր պատահարների վերաբերյալ: Երիտասարդ մասնագետների հարցին, թե որն է հաջողության իր բանալին, նախարարը պատասխանեց, որ հաջողություն է համարում վերադասի կողմից իրեն վստահելու հանգամանքը՝ ղեկավարելու արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույց, այսինքն՝ կարիերայի աճը հաջողություն դիտարկելու դեպքում «բանալին ինքն իր հետ և հանրության առաջ ազնիվ լինելն է»: 

Հանդիպման ընթացքում նախարար Դ.Տոնոյանն ավարտական դիպլոմներ հանձնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի դպրոցի 2017թ. շրջանավարտներին: 

ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալված հանրային կապերի երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեցան նաև գործի մեջ տեսնելու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «911» ծառայության աշխատանքն ու տեխնիկական զինվածությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am