Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Հայաստանն աշխարհում նորարարության կենտրոններից մեկը. ներդրողների ոչ ֆորմալ ցանցի տեսլականը


ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (STAN) անդամները Հայաստանում 10-15 տարվա ներգրավվածության ծրագրեր ունեն: FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի խոսքով` իրենք ցանկանում են Հայաստանը դարձնել չեմպիոն գիտության և նորարարության ասպարեզում: «Մենք վեց ամսով չենք այստեղ, այլ տևական ժամանակով, 10-15 տարվա ներգրավվածություն ենք ակնկալում: Մենք այստեղ ենք, որ բերենք փոփոխություններ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Հայերն ունեն խորը գիտական գիտելիքի մշակույթ, միգուցե ներկայում կրթական համակարգն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, բայց մարդկանց մշակույթն այնպիսին է, որ ուզում են դա օգտագործել: Իհարկե, այստեղ կան որոշ ձեռնարկություններ, դաշտը դատարկ չէ, բայց մենք ուզում ենք մյուսներին էլ օժանդակել ու ոգևորել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Արմեն Օրուջյանը:

Ներդրողների ոչ ֆորմալ ցանցը (STAN) Հայաստանի և արտասահմանի 18 հայ ներդրողների խումբ է, ովքեր պատրաստվում են ֆինանսական ու փորձագիտական աջակցություն տրամադրել տվյալների գիտության, արհեստական բանականության և մեքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ուղղությունների հայաստանյան նորաստեղծ ընկերություններին:

FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանն էլ նկատեց, որ ցանցի գործունեության արդյունքում գիտնականները հնարավորություն կունենան ընթանալ առևտրայնացման ճանապարհով, սեփական հայտնագործությունները կատարել և մուտք գործել հայաստանյան և գլոբալ շուկա: «Այս ոլորտները մեծ փոփոխություններ բերող ուղղություններ են, դրանք գլոբալ նոր տնտեսություն են ձևավորում: Մեր խնդիրն է, որ Հայաստանն ու այստեղի կազմակերպություններն իրենց վրա վերցնեն նոր տնտեսության ձևավորումը»,-հավելեց բիզնես հրեշտակը:

Լրագրողների հետ հանդիպմանը STAN-ի համահիմնադիր, բիզնես հրեշտակ Ռուբեն Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ նորարարության կենտրոններից մեկը: Նրա խոսքով` ինչպես ԱՄՆ-ն է հետաքրքիր ու հեռանկարային գաղափարներ ներգրավում Սիլիկոնյան հովիտ, նույն հնարավորությունն ունի նաև Հայաստանը: «Մենք պետք է ստեղծենք համապատասխան դաշտ, որպեսզի Հայաստանում ծնվեն նորարարություններ` զարգացնելով այստեղի տնտեսությունը»,-ասաց Ռուբեն Հարությունյանը:

Փետրվարի 5-ին FAST հիմնադրամը ներկայացրեց իր նոր նախաձեռնությունը, ըստ որի ձևավորվում է ներդրողների ոչ ֆորմալ ցանցը: Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար ներդրումը յուրաքանչյուր անդամի համար տարեկան նվազագույնը 10 հազար ԱՄՆ դոլար կլինի: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար: Սկզբնական շրջանում նախատեսվում է օժանդակություն տրամադրել 3-5 ստարտափի:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ