Սյունիքի Որոտան, Խոտ և հարակից բնակավայրերի բնակիչները կունենան այլընտրանքային անվտանգ ճանապարհ
4 րոպեի ընթերցում

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ և փակվեց Որոտան համայնքը Գորիսին կապող նախկին ճանապարհը, խիստ արդիական դարձավ այլընտրանքային Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցումը։ Այս օրերին այնտեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։
Լրագրողների խումբը ՏԿե նախարարության ուղեկցությամբ այցելեց վերոհիշյալ տեղամաս և տեղում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին։ Որոտան-Խոտ հատվածի կապալառուն՝ «Ճանապարհ» ընկերությունն է, իսկ նախագծողն ու տեխնիկական հսկողությունն իրականացնողը՝ «Մոդուլ» ընկերությունը։ Վերակառուցվող հատվածի ընդհանուր երկարությունը 10.3 կիլոմետր է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 4,234,691,588 դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2022-25 թվականներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքների կառուցում, ասֆալտբետոնե երեք շերտի տեղադրում։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողներին հայտնեց, որ Խոտ-Որոտան ճանապարհը ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։
«Ծրագիրը նախագծային առումով բավականին թանկ է։ Այստեղ՝ ի տարբերություն մեր հիմնական ծրագրերի, կառուցվում է նոր ճանապարհ։ Շինաշխատանքներն առաջ են գնացել որոշակի բարդություններով՝ կապված տեղանքի յուրահատկությունների հետ, ուստի տրվել են նախագծային նոր լուծումներ։ Այս պահին հողային աշխատանքներն ավարտական փուլում են, և պլանավորում ենք մեկնարկել հիմքի աշխատանքների հաջորդ փուլը։ Խնդիրներն այստեղ պայմանավորված են եղել ջրի կուտակումներով և քարաթափմամբ, սակայն այս պահին նման խնդիրներ չկան»,- հավաստիացրեց ՏԿԵ նախարարը։
Խուդաթյանը հավելեց, որ ճանապարհը բավականին անվտանգ է և տալու է ժամանակի էական խնայողություն։ Տվյալ ճանապարհը մարզի բնակավայրերի միջև դառնալու է էական օղակ և ծառայելու է ոչ միայն նշված երկու համայնքների բնակիչներին։
Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանն իր հերթին տվյալ ճանապարհի հետ կապված խնդիրների թվում հիշատակեց սողանքների հանգամանքը, որոնց պատճառով նախագծվել են նոր լուծումներ։ Ժամանակին սողանքների պատճառով ճանապարհը որոշակիորեն նեղացել է, մինչդեռ այս օրերին իրականացվում են լայնացման աշխատանքներ։ ճանապարհի ընդհանուր լայնությունը լինելու է ավելի քան 8 մետր։
«Այս ճանապարհով որոտանցիները շատ արագ կկապվեն նաև Բարձրավան համայնքի հետ, իսկ շուռնուխցիները՝ Կապան քաղաքի հետ։ Ճանապարհի կառուցումից հետո այս հատվածում շարժը նույնպես կակտիվանա։ Հարցեր առաջանալու դեպքում շատ արագ կարող ենք արձագանքել և օգնել միմյանց։ Ճանապարհը միանշանակ կհեշտացնի նաև գյուղատնտեսական աշխատանքները, մարդիկ դարձյալ կզբաղվեն այգեգործությամբ և կիրացնեն իրենց բերքը։ Այդ ամենի համար կլինեն բարենպաստ պայմաններ»,- ասաց Լալայանը։