Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթային բաժանմունքը համալրվել է նոր գերճշգրիտ սարքավորմամբ


ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նոր գերհզոր սարքավորմամբ է վերազինվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանը։

Սարքը կոչվում է «Վարիան կլինակ ա իքս», այն Հայաստանում միակն է և ձեռք է բերվել հայ և իրանցի գործարարների շնորհիվ։

«Վերջին երեք տարիների ընթացքում կենտրոնում մի շարք ձեռքբերումներ են նկատվում՝ վերանորոգում է իրականացվում, սարքավորումներով է վերազինվում։ Կառավարման նոր մոդելը հնարավորություն տվեց վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 820 մլն դրամի ներդրում կատարել»,- նշեց Տանանյանը։

Նրա խոսքով՝ ճառագայթային բուժումն ամբողջ աշխարհում բավականին թանկարժեք է, բայց ունեցած պայմանագրերի համաձայն՝ Հայաստանում ճառագայթային բուժումը կլինի վճարովի, բայց մատչելի՝ երկրի քաղաքացիների համար։

«Վստահ եմ, որ կլինի հիվանդների մի զանգված, ովքեր կանցնեն իրենց բուժումը պետպատվերի սահմաններում։ Պետպատվերի սահմաններում ապահովվում է հանրապետության ուռուցքաբանության ոլորտի կարիքների մոտ 20 տոկոսը։ Ուռուցքի 1-ին և  2-րդ փուլերում հայտնաբերելու պարագայում հետագա ապրելիության ցուցանիշը 90-95 տոկոս է»,- ընդգծեց ՈւԱԿ-ի տնօրենը։

Տանանյանը նաև նկատեց, որ եվրոպական երկրներում ճառագայթային բուժման արժեքը սկսվում է 25 հազար եվրոյից, հարևան Իրանում՝ 8 հազար դոլարից, Վրաստանում՝ 4 հազար դոլարից։ Հայաստանում այդ բուժման արժեքը կկազմի մինչև 3 հազար դոլար։

ՈւԱԿ-ի ճառագայթային բաժանմունքի վարիչ, բ. գ. թ. Թաթուլ Սաղաթելյանը, ներկայացնելով նոր ձեռք բերված սարքը, ասաց, որ այն հեռահար ճառագայթային բուժման գերժամանակակից և գերճշգրիտ համալիր է։

«Ի տարբերություն նախկինում մեր կողմից շահագործված մյուս սարքերի՝ այն աչքի է ընկնում խիստ բարձր ճշգրտությամբ։ Սա էլ իր հերթին թույլ է տալիս ուռուցքը ճառագայթել անհամեմատ ավելի բարձր չափաբաժնով և ավելի արդյունավետ պաշտպանել մնացած առողջ հյուսվածքները։ Այսպիսով՝ մենք շատ ավելի մեծ հավանականություն ենք ստանում ուռուցքը բուժելու։ Սարքը բազմաէներգետիկ է և հնարավորություն է տալիս ճառագայթել տարբեր տեսակի ճառագայթային փնջերով՝ ֆոտոնային և էլեկտրոնային»,- նշեց Թաթուլ Սաղաթելյանը։

 Բժշկի խոսքով՝ սարքն ունի հատուկ ներկառուցված ռոբոտային տեսանկարահանման համակարգ, ինչը թույլ է տալիս անմիջապես ճառագայթման պահին տեսնել այն հատվածը, որը ճառագայթվում է։

Կենտրոնում աշխատում են բազմաթիվ անգամներ Չեխիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Մակեդոնիայում վերապատրաստում անցած ֆիզիկոսներ, բժիշկներ։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ