Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետարանը դրական եզրակացություն է տվել Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման ծրագրին

Գեղարքունիքի մարզպետարանը դրական եզրակացություն է տվել Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման ծրագրին

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցումը կենսական մեծ նշանակություն կունենա 12 բնակավայրերի տնտեսական զարգացման համար՝ նպաստելով ոռոգվող տարածքների ավելացմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը, գետերում ջրի հոսքի մշտական ապահովմանը, ձկնաբուծությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը՝ Արգիճի եւ Աստղաձոր գետերի վրա ջրամբարների կառուցման ծրագրեր փորձել են իրականացնել ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախացումից հետո: Խնդիրը քննարկվել է նաեւ 2015 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Արգիճիի ջրամբարը կարող է ամբարել մինչեւ 9, Աստղաձորի ջրամբարը՝ մինչեւ 1-1,5 միլիոն խորանարդ մետր ջուր: Դա հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման մշտական ջրով ապահովել 12 բնակավայրերի, ավելացնել ոռոգելի տարածքները, զարգացնել գյուղատնտեսությունը, խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչեւ մոտ 150 միլիոն դրամի չափով: Սեւանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանի աշխատանք կդադարեցվի:

Ջրամբարները նպաստավոր կլինեն թե՛ ձկնաբուծության զարգացման, թե՛ Սեւան թափվող գետերում ջրի մշտական հոսք ապահովելու համար: Ջրամբարների կառուցումը, համոզված եմ, կլինի քիչ ծախսերով՝ ակնկալվող մեծ արդյունքների դիմաց: Առհասարակ, մեր պայմաններում ջրամբար ունենալը կենսական կարեւոր խնդիրներ կարող է լուծել հատկապես երաշտի պայմաններում, որից գրեթե ամեն տարի տուժում են տնտեսությունները: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ մեր լեռնային գոգավորությունները գրեթե բնական պատվար են ջրամբարների համար եւ կարող են շատ արագ լցվել բավարար քանակի ջրով»,-պատմեց Համբարձում Համբարձումյանը:

Ըստ վարչության պետի՝ Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման նախագծերն արդեն քննարկվում են համապատասխան գերատեսչություններում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետարանում եւ շահագրգիռ այլ մարմիններում: Կառուցման ստույգ ժամկետները, ներդրվող միջոցների աղբյուրներն ի հայտ կգան քննարկումների ավարտից հետո:

«Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում են կառավարության տարբեր գերատեսչությունների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Մենք դրական եզրակացություն ենք տվել եւ ակնկալում ենք, որ նունը կանեն նաեւ աշխատանքային խմբի մյուս անդամները: Ջրամբարները կարող են կառուցվել ինչպես պետական միջոցների, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին»,-նշեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am